Ոստիկանությունը հերքում է ԲՀԿ անդամների ձերբակալության մասին լուրը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:

Ինչպես տեսնում եք, ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

Կրկին հիշեցնում ենք. ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական և ցանկացած այլ պատկանելության մեջ:

Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել «պաշտպանվածության աստիճանը», ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, և նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետևանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են բոլորը»:

Նշենք, որ լրատվամիջոցները տարածել էին, թե Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների, որոնցից պահանջել էին ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին չաշխատել: