Կիպրոսի հետ ոչ կոռեկտ են վարվել․ նախկին նախագահ

Կիպրոսի հետ ոչ կոռեկտ են վարվել, իսկ փրկության ծրագրի վերաբերյալ բանակցություններն անազնիվ են իրականացվել, ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կիպրոսի նախկին նախագահ Գեորգիոս Վասիլիուն։ €16 մլրդ-ի կարիք ունեցող Կիպրոսը օգնության նպատակով Եվրամիությանը դիմել էր դեռ 2012թ․ հուլիսին, և այս գումարը երբեք կասկածի տակ չի դրվել։ Սակայն երբ Եվրախումբը առաջարկեց Կիպրոսի տնտեսության փրկության առաջին տարբերակը, հայտարարվեց, որ ԵՄ-ն €10 մլրդ-ից ավելի գումար չի փոխանցի, և մեկ գիշերվա ընթացքում հարկ եղավ գտնել ևս €6 մլրդ, պատմել է Վասիլիուն պարբերականին։ Ինչ վերաբերում է փրկության երկրորդ՝ հաստատված ծրագրին, ապա այն էլ ավելի վատն է, վստահ է նախկին նախագահը։ «Մեր գործընկերները որոշել են ոչնչացնել երկրի խոշորագույն երկու բանկերը։ Արդյունքում վնասը բնակչության համար էլ ավելի մեծ է լինելու»,- նշել է նա։

Փոքր երկիրն ի վիճակի չէ դիմակայելու ԵՄ-ի իր ավելի հզոր գործընկերներին, խոստովանել է Վասիլիուն։ «Եվրամիությունում խոշոր տերություններն ունեն իշխանության բոլոր լծակները։ Անհամամասնությունը խորանում է, եթե փոքր երկիրը փողի կարիք է ունենում․․․ Այլ կերպ ասած՝ նրանք ունեին փամփուշտներով զենք, իսկ մենք՝ ոչինչ»,- ասել է նա։

Անկասկած, Կիպրոսը նույնպես սխալներ է գործել, մասնավորապես՝ բանկերի կառավարման հարցում, խոստովանել է Վասիլիուն։ Սակայն նա չի հասկանում «կիրպրական մոդելի» հասցեին ուղղված քննադատությունը։ «Ի՞նչ մոդելի մասին է խոսքը,- ասում է նա։ – Զբոսաշրջություն և ֆինանսական ծառայություններ։ Այս հատվածը հիմնվում է ներդրումների համար նպաստավոր հարկային օրենսդրության վրա։ Մի՞թե դա փողերի լվացում է նշանակում։ Ո՛չ, և դա հաստատում են միջազգային բոլոր զեկույցները։ Մի՞թե դա հարկերից խուսափում է նշանակում։ Դա հնարավոր է առանձին դեպքերում։ Սակայն յուրաքանչյուր երկրի իշխանություն պետք է ինքնուրույն պայքարի հարկերից խուսափելու դեմ»։

«Եկեք էլ ավելի պարզ արտահայտվենք․ Կիպրոսում մոտ €20 մլրդ-ի ռուսական ավանդ կա։ Իսկ Եվրոպայի մնացած երկրներում՝ €300 մլրդ-ի։ Լոնդոնում Ռոման Աբրամովիչի կապիտալի ներդրումն ավելի մեծ է, քան Կիպրոսում ռուսական բոլոր ավանդները։ Մալթային ու Լյուքսեմբուրգին չեն քննադատում նրա համար, ինչի համար քննադատում են Կիպրոսին»,- դժգոհում է նախկին նախագահը։

Կիպրոսի տնտեսությունը վերականգնելը հեշտ չի լինի, շարունակում է Վասիլիուն, և ներկայիս դժվարությունները եվրաթերահավատություն են ծնում, սակայն այդպիսի տրամադրությունները բնական արձագանք են և նրան չեն մտահոգում։ «ԵՄ-ից դուրս գալու կոչերը ազդեցիկ չեն և սակավաթիվ են,- նշում է նա։ – Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև ընտրությանը, ապա դրա մասին խոսք անգամ չկա՝ Կիպրոսը արմատացած է Արևմուտքում, դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք դեմ ենք Ռուսաստանին։ Առավելևս, որ նա ներկա ճգնաժամում որդեգրել է կշռադատված դիրքորոշում և մտադիր չէ միջամտել Եվրամիության գործերին»։