Բրիտանացի նախարարից պահանջում են ապրել նվազագույն աշխատավարձով

Մեծ Բրիտանիայի աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար Յան Դունկան Սմիթը անհարմար դրության մեջ է հայտնվել։ Օրերս BBC-ի ռադիոեթերի ժամանակ պաշտոնյան հայտարարել է, թե կարող է ապրել օրական յոթ ֆունտով։ Ընդ որում՝ նա մոտ 50 անգամ ավելի է վաստակում։ Այժմ նախարարը, ըստ ամենայնի, ստիպված կլինի պատասխան տալ իր խոսքերի համար․ ընտրողները քաղաքական գործչին կոչ են անում ցույց տալ, որ կարող է ապրել շաբաթական 53 ֆունտով, գրում է բրիտանական Independent պարբերականը։

Սմիթը, որի տարեկան աշխատավարձը 134,6 հազ․ ֆունտ ստեռլինգ է, ասել է, որ կկարողանար ապրել շաբաթական 53 ֆունտով։ Նման աղմկալի հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ ռադիոկայան զանգահարած 51-ամյա բրիտանացի Դեյվիդ Բենեթը դժգոհել է իր եկամուտներից։ Բենեթը պատմել է, որ անգամ հաշվի առնելով արտոնությունները՝ բոլոր հարկերի վճարումից հետո իր գրպանում մնում է 50 ֆունտից քիչ ավելի գումար։ Այդպիսով՝ Բենեթի ամսական եկամուտը փոքր-ինչ գերազանցում է 200 ֆունտը ($300)։ Ի պատասխան սրան՝ պաշտոնյան հայտարարել է․ մատնանշված գումարը միանգամայն բավարար է սովից չմահանալու համար։

Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարի այս խոսքերը խիստ զայրացրել են բրիտանական հասարակությանը՝ հաշվի առնելով այն, որ Յան Դունկան Սմիթը կողմ է ամեն տեսակի լրահատկացումների կրճատմանը։ Իր դիրքորոշումը նախարարը հիմնավորում է նրանով, որ Մեծ Բրիտանիայում «տնտեսական քաոս» է տիրում։ Օրերս Մշուշոտ Ալբիոնի իշխանությունները հայտարարել են «Սև ապրիլի» սկիզբը․ այս ամիս տարատեսակ արտոնությունները կրճատվելու են, իսկ հարկերը, հակառակը, բարձրանալու են։ Այդուհանդերձ, Սմիթն անարդարացի է անվանել նրանց խոսքերը, ովքեր նոր օրենքներն անվանել են «սպանիչ» և «կործանարար»։ Պաշտոնյայի խոսքով՝ տվյալ փոփոխություններն անհրաժեշտ են պետական համակարգի բարեփոխման համար։

Սմիթի արտահայտությունը, թե ինքը կարող էր ապրել նվազագույն աշխատավարձով, ծաղրի առարկա են դարձրել բրիտանական բոլոր խոշոր պարբերականների լրագրողները։ Բացառված չէ, որ այս անզգույշ հայտարարությունն ապագայում բացասաբար անդրադառնա պաշտոնյայի կարիերայի վրա։ Ինչևէ, նախարարը շարունակում է պնդել իրենը։ Նա ասում է, որ արտոնությունների կրճատումը առաջիկայում շարունակվելու է։