Ցեղասպանությունների պատմությունը նաև ներկա է. ԱԳ նախարարի տեղակալ

Մարտի 22-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված՝ Հայաստանի առաջադրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի մասին հարցազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն՝ըստ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի:

Առաջին անգամը չէ, որ մեր երկիրը նման թեմայով բանաձև է ներկայացնում ՄԱԿում, և հետաքրքրական կլիներ իմանալ այս հարցի նախապատմությունը:

Այո, Դուք իրավացի եք, ցեղասպանության հարցով բանաձև Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առաջին անգամ դեռևս 1998 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այն նվիրված էր «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի» 50-ամյակին:

Այնուհետև բանաձևը հաջորդաբար ներկայացվել է 1999, 2001, 2003 և 2005 թվականներին: Բանաձևի տեքստը յուրաքանչյուր անգամ կատարելագործվում էր և ընդգրկում հարցերի ավելի լայն շրջանակ: ՄԱԿ-ում կատարված կառուցվածքային վերափոխումների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի, և 2008 թվականին ՀՀ ներկայացրեց բանաձև արդեն այդ կառույցում և առաջին անգամ կանխարգելման համատեքստում: Ինչպես և նախորդ բոլոր բանաձևերը, այնպես էլ 2013 թվականին ներկայացվածն ընդունվել են խորհրդի 47 անդամների կողմից առանց քվեարկության` կոնսենսուսի հիման վրա, ինչը վկայում է ցեղասպանության կանխարգելման հարցում ընդհանուր լուծումներ գտնելու միջազգային հանրության ցանկության և կամքի մասին:

Ի՞նչ քայլեր է ենթադրում բանաձևի ներկայացումը այնպիսի բազմաբնույթ և բարդ կազմակերպությունում, ինչպիսին է ՄԱԿը:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային կառույցներում քննարկվող կարևորագույն, արդիական և ամենազգայուն խնդիրներից է: Արդեն իսկ որոշակի պարբերականությամբ ներկայացվող նման նախաձեռնությամբ հանդես գալը օգնում է այս կարևոր հարցը մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելով նպաստել կանխարգելմանը, վերահաստատել պետությունների ջանքերի համախմբման կարևորությունը:

Ինչ վերաբերում է ենթադրյալ քայլերին, ապա պետք է ասեմ, որ նախագծի մշակումը պահանջում էր լուրջ նախապատրաստական աշխատանք` կոնվենցիայի կիրառման ընթացքում դեռևս չլուծված, չկարգավորված խնդիրների վերհանում, նոր զարգացումների վերլուծություն և դրանց հիման վրա երկրների հետագա քայլերը նախանշող հանձնարարականների ձևակերպում: Տեքստը պետք է ներառեր ցեղասպանության կանխարգելման և պատժման հարցերում մարդու իրավունքի հիմնական մոտեցումները: Պետք է նշեմ նաև, որ բանաձևի տեքստի նախապատրաստման ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:

Նման համամարդկային նշանակություն ունեցող թեմաների ներկայացումը ենթադրում է երկրների լայն աջակցություն, սակայն դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը դյուրին է եղել: Հայաստանի պատվիրակությունը կոնսենսուսային տեքստի հասնելու համար բազմաթիվ երկկողմ և բազմակողմ բանակցություններ և խորհրդատվություններ է կազմակերպել: Բանաձևի տեքստի շուրջը հիմնական տարաձայնությունը ՄԱԿ շրջանակներում նոր զարգացում ստացող «պաշտպանության պատասխանատվություն» կոնցեպցիայի շուրջն էր, որի էությունը պարունակում է երեք հիմնական տարր` երկրներն ունեն իրենց բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու առաջնային պատասխանատվություն, միջազգային հանրությունը պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն, և, վերջապես, պետության կողմից ստեղծված իրավիճակից դուրս գալու անհնարինության դեպքում միջազգային նորմերի համաձայն հնարավոր է ապահովել միջազգային հանրության միջամտությունը` ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով:

Սակայն առաջացած հակասությունները հնարավոր եղավ հաղթահարել, և այս պահի դրությամբ բանաձևի համահեղինակ է դարձել արդեն ՄԱԿ-ի 59 անդամ պետություն: Հնարավոր է, որ այս թիվը կավելանա, հաշվի առնելով, որ դեռ տասը օր տեքստը բաց է լինելու համահեղինակելու համար: Կարևոր հանգամանք է նաև այն, որ բանաձևի համահեղինակների թվում են ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող պետությունները:

Այս առումով բարձր եմ գնահատում այն թիմի աշխատանքը, որը հնարավոր դարձրեց բանաձևի նախագծի նախապատրաստումը, նրա ներկայացումը և բանաձևի վերջնական ընդունումը: Մասնավորապես, պետք է առանձնացնեմ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի և Ժնևումՙ ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացության աշխատակիցներին:

Բնականաբար պարզ է, թե ինչու ենք մենք նախաձեռնում բանաձևի ներկայացումը հենց այս թեմայով, այնուամենայնիվ, ի՞նչ «հավելյալ արժեք» կունենա բանաձևի ներկա տեքստը:

Միջազգային կառույցներում որևէ նախաձեռնութան դրսևորումը պայմանավորված է տվյալ երկրի քաղաքականության առաջնայնություններով, մեր պարագայում ցեղասպանության կանխարգելումը, ցեղասպանության հանցագործությունների պատժումը և, այդպիսով, անվտանգ միջազգային միջավայր ստեղծելուն նպաստելը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և այս ուղղությամբ ՀՀ որևէ քայլ արդեն իսկ արժեքավոր և կարևոր է: Բնականաբար, որպես ցեղասպանություն վերապրած և աշխարհասփյուռ հայության ջանքերով ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի փորձ ունեցող ժողովուրդ, մենք մեր պարտքն ենք համարում թույլ չտալ նման սոսկալի հանցագործության կրկնությունը որևէ ժողովրդի հանդեպ և վստահ ենք, որ այդ նպատակին հասնելու կարևորագույն պայմանը պետությունների համատեղ ջանքերի գործադրումն է: Նշեմ նաև, որ բանաձևի ներկայացումը ՀՀ ԱԳՆ առաջարկով ընդգրկվել էր ՀՀ կառավարության գործունեության 2013թ. գերակա խնդիրների ցանկում:

Ինչ վերաբերում է բանաձևում տեղ գտած նոր ձևակերպումներին, ապա դրանցից է ճշմարտության իրավունքի ապահովման կարևորությունը: Դա մարդու իրավունքների ոլորտում համեմատաբար վերջերս ներմուծված իրավական հասկացություն է, որի համաձայն պետությունները պարտավոր են ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել տեղի ունեցած ոճրագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս իրավունքի կարևորությունը զոհերի արժանապատվության վերականգնման, հատուցման տրամադրման և անպատժելիության դեմ պայքարի ապահովումն է, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ժողովուրդների միջև թշնամանքի ու ատելության վերացման և համապարփակ հաշտության:

Հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է ՄԱԿ-ի նորաստեղծ կառույցների ընդգրկմանը ցեղասպանության կանխարգելման գործում, մասնավորապես խոսքը Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի մասին է, որը նախատեսում է ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների վերաբերյալ մարդու իրավունքների իրավիճակային վերլուծություն ազգային զեկույցների հիման վրա, ինչի արդյունքում գործընթացն անցնող երկրին մյուս բոլոր երկրների կողմից տրվում են մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ: Այսպիսով, այս ընթացակարգը ևս կարող է օգտագործվել որպես ցեղասպանությունը կանխարգելող կարևոր մեխանիզմ, քանի որ հնարավորություն է ընձեռում պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:

Բանաձևով պետություններին առաջարկվում է քննարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով պատասխանատու անձերի նշանակում, որոնք կարող են համագործակցել, փոխանակել տեղեկատվություն և փորձ ինչպես միմյամց միջև, այնպես էլ ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ի այլ կառույցների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ:

Կարևոր եմ համարում նշել նաև բանաձևում բարձրացված ցեղասպանության կանխարգելման նպատակով մարդու իրավունքների կրթության խնդիրների` համապատասխան կրթական ծրագրերն ու նախագծերը խրախուսելը: Անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք բնակվում կամ որ ազգին ենք պատկանում, ցեղասպանություն առաջացնող վտանգների, ինչպես նաև անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փոխանցվի երիտասարդ սերունդներին, դա անհրաժեշտ պայման էՙ ապահովելու խաղաղությունը և երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը:

Պետք է նշեմ նաև բանաձևի այն նոր դրույթը, որը վերաբերում է ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանմանը: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին, որպես կանխարգելիչ միջոց, ձեռնարկել քայլեր, այդ թվում` զոհերի հիշատակը հարգող ազգային օրեր սահմանելու միջոցով: Ցեղասպանությունների պատմությունը միայն անցյալ չէ, դա նաև ներկա է, որը վերաբերում է մեզ բոլորիս, անկախ ծագման, ռասայական կամ կրոնական պատկանելությունից:

Եվ վերջապես, ևս մեկ կարևոր հատված բանաձևում, որը կցանկանայի հիշատակել` 2014 թվականին Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` ՄԱԿ-ի անդամ պետությունների, կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների և այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ և ՄԻԽ նույն նստաշրջանի ընթացքում ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ ինտերակտիվ քննարկումների անցկացում` վերջինիս մանդատի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:

Սա հնարավորություն է տալու մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման այնպիսի կարևոր և հեղինակավոր ատյանում, ինչպիսին է Մարդու իրավունքների խորհուրդը, ցեղասպանության կանխարգելման թեման օրակարգում պահպանելու համար:

Այս տարի լրանում է նաև «Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի» 65-ամյակը, անդրադառնո՞ւմ է արդյոք բանաձևը այս տարելիցին:

Վերը նշված բարձրաստիճան քննարկումը կազմակերպվում է հենց այս առիթով, և ընդհանրապես կոնվենցիան արմատական տեղ է գրավում այս բանաձևի առաջադրման գործում, ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ սկսվեց կոնվենցիայի 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնած քայլերից և հետո ստացավ իր շարունակությունը: Մեր նպատակն էր կոնվենցիային վերաբերող փաստաթղթերի միջոցով նորից մարդկության ուշադրությունը սևեռել ցեղասպանությունը դատապարտող այդ կարևոր փաստաթղթի վրա, նշել նրա կենսունակ նշանակությունը, կրկին կոչ անել կոնվենցիային չմիացած կամ այն չվավերացրած պետություններին՝ անդամակցել դրան:

Մեկնաբանել