ԱԳՆ-ի գերխնդիրների լուծման գործում առավել կարևոր է դառնում քարոզչությունը. Բ.Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը և 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը. տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:

Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջև դրված խնդիրները:

Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` Նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, և որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության և նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման եւ հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից և լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք և բարոյական, և իրավաքաղաքական բոլոր հիմքերը:

Բակո Սահակյանը կարևոր է համարել նաև արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ գերատեսչության առջև ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում: