11 տարի առաջ այս օրը «Ա1+»-ը վերջին անգամ է դուրս եկել եթեր

11 տարի առաջ այս օրը «Ա1+» հեռուստաընկերությունը վերջին անգամ է դուրս եկել եթեր. այսօր հիշեցրեց «Ա1+»-ը, որ 20 րոպեանոց եթերի հնարավորություն ունի «Արմնյուզ»-ով։ Հաճախականությունների մրցույթում զուտ տեղեկատվական ուղղվածություն ունեցող «Ա1+»-ը պարտվել էր ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը, որը խոստանում էր մի ուրիշ հեռուստաընկերություն:

«Իմաստային առումով և մատուցման ձևով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ և հույս ներշնչեն հեռուստադիտողին»,- այդ ժամանակ հայտարարել էր «Շարմ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թոխատյանը։

Հույս ներշնչող հեռուստաընկերությունում «Շարմ» ընկերությունը հույս ուներ իր լրատվությունն ստեղծել «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական ծրագրի լրագրողների ուժերով՝ պայմանով, որ լրագրողները սարքեին միայն լավ լուրեր։

Մինչև ապրիլի 2-ը «Ա1+»-ի եթերում ձայնի իրավունք ունեին մյուս հեռուստաընկերություններից մերժված ընդդիմադիրները, սոցիալական խնդիրներից դժգոհողները և մարզերի բնակիչները։

«Ա1+»-ն առաջինն էր, որը հասարակությանը տեղեկացրել էր, որ 2001-ի սեպտեմբերին «Առագաստ» սրճարանում տեղի էր ունեցել սպանություն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների մասնակցությամբ։ Փորձագետները համոզված են, որ այս ամենն է, որ չի ներվել «Ա1+»-ին։ Դրանցից բացի, ըստ փորձագետների, «Ա1+»-ի եթերազրկումով Ռոբերտ Քոչարյանը պատրաստվել էր 2003-ին կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնն առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի։

Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին հայտարարել էր, թե հաճախականությունների մրցույթում Ա1+-ի ուզածը նույնպես հաղթելն է առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի. ««Ա1+»-ի լրատվական ծրագրին ես հավանում եմ, բայց դա չի նշանակում, որ «Ա1+» ընկերությունը պետք է մրցույթից դուրս լինի, մրցույթի մեջ պետք է լինենք բոլորս»։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր տագնապ չբարձրացնել, ինքը «լրատվական աշխարհի վատը չի ուզում, «Ա1+»-ը եթերազրկվել է օրենքի շրջանակներում»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաներից մեկի ժամանակ հայտարարել է. « Ուզում եմ հիշեցնել, որ ֆաշիստական Գերմանիայում հրեաներին ոչնչացնում էին նույնպես օրենքի շրջանակներում»:

«Ա1+»-ի եթերազրկման հաջորդ օրերին միջազգային կառույցները հայտարարություններ ընդունել են, որ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունը։ Հայաստանյան 14 լրատվական կազմակերպություն Ռոբերտ Քոչարյանից պահանջել է եթեր վերադարձնել «Ա1+»-ը։ 17-ը հակադարձել է՝ առանց «Ա1+»-ի էլ Հայաստանում ոչինչ չի սպառնում խոսքի ազատությանը:

Հաճախականությունների առաջին մրցույթից հետո «Ա1+»-ը ձեռնարկել է եթեր վերադառնալու 13 փորձ։ Բոլոր դեպքերում Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը մերժել է «Ա1+»-ին։ 2008-ին Եվրոդատարանը, վկայակոչելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը ընդունել է, որ «Ա1+»-ի եթերազրկումով և եթեր վերադառնալու հետագա խոչընդոտներով Հայաստանում խախտվել է խոսքի ազատության իրավունքը։ Այսօր «Ա1+»-ը 20 րոպեանոց եթերի իրավունք ունի հեռուստաընկերություններից մեկով։ Շուտով կավարտվի Գրիգոր Ամալյանի լիազորությունների ժամկետը ՀՌԱՀ-ում, «Շարմ» հոլդինգի պաշտոնական կայքում ոչ մի տող չկա այն մասին, որ այս կազմակերպությունը ժամանակին ունեցել է «Կենտրոն» անվանումով իր հեռուստաընկերությունը, որը 11 տարի առաջ խոստանում էր ստեղծել 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարիր եթեր։