ԿԲ-ն համարյա չի շեղվել գնաճի կանխատեսումներում

Այս տարվա մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,5%, Կենտրոնական բանկը կանխատեսում էր 3,4%։ Ցուցանիշների ընդամենը 0,1-տոկոսային կետով շեղումը թույլ է տալիս ենթադրել, որ առաջին կիսամյակում գնաճը մոտ կլինի ԿԲ-ի կողմից սպասվող 4,5% մակարդակին։

Կենտրոնական բանկը «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 1-ին եռամսյակ» հրապարակումում այս տարվա առաջին եռամսյակի համար 3,5% գնաճ էր կանխատեսել։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում հունվար-մարտ» հրապարակման համաձայն՝ մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%։ Նշենք, որ հունվարին ցուցանիշը եղել է 2,6%, փետրվարին՝ 3,1%։

Թեև ԿԲ-ի կանխատեսած գնաճը բավական մոտ է իրականին, առկա է որոշակի շեղում։ 3,4% գնաճ կանխատեսելիս ԿԲ-ն այն պայմանավորել էր հիմնականում պարենային ապրանքների, մասնավորապես՝ միրգ, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի գների աճով՝ «վերականգնվելով գյուղատնտեսության ճյուղի ներկայացրած բարձր առաջարկի արդյունքում ձևավորված գների ցածր մակարդակից»։

ԱՎԾ տվյալներով, սակայն, մարտին տարեկան կտրվածքով միրգ ապրանքախմբում արձանագրվել է 10,5% գնաճ, իսկ բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբում՝ 8,7% գնանկում։

ԿԲ կանխատեսումներով՝ 2013թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճի տեմպը կարագանա՝ հունիսի վերջին հասնելով 4,5%-ի, ինչը պայմանավորված կլինի «գյուղատնտեսության ոլորտի թողարկման բարձր աճի արդյունքում ձևավորված ժամանակավոր առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ և նախորդ տարվա գնաճի ցածր մակարդակով»։ Պարզ ասած, եթե գնաճի ցածր մակարդակն անցած տարի ապահովել են հիմնականում գյուղատնտեսական ապրանքների գները, ապա այս տարի գնաճային ճնշումները լինելու են հենց գյուղատնտեսական ապրանքների կողմից։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. մարտին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0,4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0,4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,2% հավելաճ։ Մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 3,4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,5%-ով, ծառայությունների սակագները՝ 2,3%-ով։

Այս տարվա մարտին, 2012թ. նույն ամսվա համեմատ, հացամթերքի գներն աճել են 10,4%-ով, կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է գների 7,9% աճ, ձվի միջին գներն ավելացել են 11,6%-ով, ձկնամթերքը թանկացել է 0,2%-ով, կաթնամթերքը՝ 0,1%-ով։

Ոչ պարենային ապրանքների շուկայում մարտին ամսական կտրվածքով արձանագրված 0,8% գնաճը պայմանավորված է եղել լվացող միջոցների (0,8% գնաճ), այգեգործական ապրանքների (գների աճը՝ 0,9%), գեղահարդարման (գների աճը՝ 1,3%) ու անձնապիտո ապրանքների (1,4% գնաճ), ինչպես նաև կոշկեղենի (3,4% գնաճ) թանկացումով։

2013թ. մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի գների, համապատասխանաբար, 0,6% և 1,1% աճ: Մարտին տարեկան կտրվածքով բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4,5%-ով և 6%-ով։