Արտահոսք դեպի զարգացող երկրներ

2012թ. համաշխարհային տնտեսությունը թեև աճել է 3,3%-ով, խոշոր տնտեսությունները գործնականում աճ չեն ապահովել, վկայում են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) տվյալները: World Organization of Creditors կազմակերպության փորձագետների կարծիքով՝ զարգացող երկրներում ուղղակի ներդրումները շատ ավելի տրամաբանված են և հեռանկարային, գրում է Bloomberg-ը:

Ըստ UNCTAD-ի՝ վերջին երեք տարիներին գլոբալ ուղղակի ներդրումներն անկում են ապրել։ 2012թ. ուղղակի ներդրումների գլոբալ հոսքերը նվազել են 18,3%-ով՝ մինչև $1,3 տրլն։ Անկումը զգալի է եղել հատկապես զարգացած տնտեսություններում: Ըստ World Organization of Creditors-ի զեկույցի, եթե 2000-ականներին այս երկրներին բաժին է ընկել ուղղակի ներդրումների 80%-ը, վերջին 12 տարում զարգացող տնտեսություններն իրենց մասնաբաժինը 20%-ից ավելացրել են մինչև 50%։

Այդուհանդերձ, 2012թ. ուղղակի ներդրումները զարգացող երկրներում կրճատվել են 3%-ով: Ծավալները նվազել են հիմնականում Ասիայում և Օկեանիայում՝ 9,5%-ով: Ընդ որում՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ուղղակի ներդրումներն ավելացել են համապատասխանաբար 5,5%-ով և 7,2%-ով:

Չնայած Եվրամիությունում և ԱՄՆ-ում ուղղակի ներդրումները նվազել են 35%-ով, ԱՄՆ-ը շարունակում է պահպանել համաշխարհային առաջատարի դիրքերը։

Անցումային տնտեսությամբ երկրներում (Հարավարևելյան Եվրոպա, ԱՊՀ) ուղղակի ներդրումները կրճատվել են 13%-ով։ Այսպես՝ 2012թ. ԱՊՀ երկրներում ուղղակի ներդրումների հոսքը նվազել է 9,9%-ով: Ներդրումներից $78 մլրդ-ը բաժին է ընկել Ռուսաստանին, ինչը 16,6%-ով զիջում է 2011թ. ցուցանիշը: Ղազախստանում և Ուկրաինայում ուղղակի ներդրումներն ավելացել են համապատասխանաբար 13,4%-ով և 11,5%-ով:

UNCTAD-ի մասնագետների կարծիքով՝ ուղղակի ներդրումների գլոբալ ծավալը կավելանա և 2013թ. կկազմի $1,4 տրլն, 2014թ.՝ $1,6 տրլն:

Համաձայն World Organization of Creditors-ի զեկույցի՝ ընթացիկ տարում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները կաճեն ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ զարգացող շուկաներում: Այդուհանդերձ, զարգացած շուկաների վերաբերյալ կանխատեսումները շարունակում են հոռետեսական մնալ, և նրանց նկատմամբ ներդրողների վստահության վերականգնումը դանդաղ կընթանա, նշվում է զեկույցում:

Մեկնաբանել