Աղվեսն այնքան էլ աղա չէ

Տառաճանաչ յուրաքանչյուր հայ ծանոթ է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությանը, երբ աղա աղվեսը գալիս է և ծառը կտրելու սպառնալիքի տակ հերթով տանում կկվի ձագերին:

-Էս սարն իմն է, էս ծառն իմն է…

Թումանյանի ստեղծագործության սյուժեն բոլորովին էլ չի հնացել, կարծես գործող անձինք էլ են նույնը մնացել: Ուղղակի այժմ աղվեսը լիսկա է կոչվում (հավանաբար ռուսական ազդեցության տակ), իսկ կկվի դերում շատերն են հանդես գալիս: Նրանք, ովքեր վախենում են, որ լիսկան իրենց բունը կքանդի կամ գլուխը կջարդի, կամ էլ ընտրությունների ժամանակ համապատասխան տոկոսներ չեն ստանա լիսկային հանձնած տարածքից: Ու այսպես ահուսարսափ տարածելով՝ ապրում էր աղա աղվեսը: Օրերից մի օր նա գլուխ ջարդելու սպառնալիք տեղաց ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքացուն, և, ո՜վ քեզ զարմանք, վերջինս վեր կացավ ու եկավ աղա աղվեսի նստավայրի մոտ՝ տեղեկացնելով, որ վերջինս կարող է գալ ու իր գլուխը ջարդել: Սակայն լիսկան չերևաց: Աղա աղվեսը, որ սպառնալիք է ուղարկում մի քանի հարյուր կիլոմետրից, հարյուր քայլ էր չարեց իր սպառնալիքն իրականացնելու համար:

Հետևություն՝ աղվեսն այնքան էլ աղա չէ:

Իսկ եթե աղա չէ, ուրեմն այնքան էլ գլուխ ջարդող չէ կամ ձայն բերող: Հետևաբար՝ կարելի է ազատվել աղվեսից: Ի վերջո, սարն ամենքինս է հավասար:

Թումանյանի ստեղծագործության մեջ միամիտ կկվին պարզ ճշմարտություն բացատրողն ագռավն էր, որն էլ աղվեսին ուղղորդեց դեպի իր վերջը՝ թփերի մեջ պառկած գյուղացու շունը: Միգուցե մերօրյա այս պատմության մեջ ագռավի դերը Րաֆֆի Հովհաննիսյանն է խաղում: Րաֆֆին ցույց տվեց, որ սարն ու ծառն աղվեսինը չեն, բոլորինս են: Եվ որ աղվեսին աղա դարձնողը մեր վախերն են ու մենք: Իսկ չարի վերջը կարծես թե եկել է, իսկ չարին պատժողի դերին կարող է հավակնել յուրաքանչյուր պատվախնդիր անձ: Որովհետև կարելի է հանդուրժել հարևանի իրավունքների ոտնահարումը, վախի մթնոլորտում ապրելը, բայց Հայրենիքը թշնամաբար տրամադրված օտարին վարձակալության տալը ոչ մի կերպ հանդուժել չի կարելի: Սա այն կարմիր գիծն է, որ անցել են լիսկաները, աղա աղվեսներն ու նրանց ոգևորողները: Սա այն գանձն է, որի հետևից գնաց աղվեսն ու դուրս եկավ շան վրա՝ գտնելով իր վերջը:

— Ինչքան էլ որ լինիս զգույշ,

Չարի համար թե վաղ, թե ուշ,

Էդ էր պահված, Աղվես աղա… 

Մեկնաբանել