Հայտնի են «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հավակնորդները

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորությամբ, նախօրեին` փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը, հաղորդում են Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:

«Հայակ-2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից: Հիշեցնենք, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» և «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված 8 հայտից 3-ը` ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի և Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Այդ ես չեմ» ֆիմերը դարձան հավակնորդներ:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան` ռեժ. Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադևոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան – Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան – Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , «Եթե բոլորը» և «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ժյուրին ընտրեց «Թափառում», «Ձմեռվա խնձոր» և «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ` Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին և Վիկտորիա Լամշինաին:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան և Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» և «Ձայն լռության» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը և Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան և Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը` «Poker.am», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը և Խորեն Լևոնյանը` «Եթե բոլորը», «Poker.am» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» և Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը», Նաիրա Մուրադյանի «Բալետ» և Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» և Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» և Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչև մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ Արմենիա» ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանլաիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Մեկնաբանել