ԿԺԴՀ-ն փակել է Հարավային Կորեայի հետ համատեղ արդյունաբերական գոտին

Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են հարավկորեացի աշխատակիցների ու մասնագետների մուտքը Քեսոն համատեղ արդյունաբերական գոտի, հաղորդում է BBC-ն։

Պաշտոնական Սեուլը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) այս որոշումն անվանել է «շատ ցավալի»։ Թե որքան է գործելու արգելքը, չի հաղորդվում։

Փհենյանում հայտարարել են, որ Հարավային Կորեայի քաղաքացիները, որոնք ներկայում արդյունաբերական գոտու տարածքում են, կարող են լքել այն։ Սեուլում հայտարարել են, որ այժմ առաջնայինը Քեսոնից սեփական քաղաքացիների անվտանգ դուրսբերումն է։

Քեսոն արդյունաբերական գոտին գտնվում է 12 կմ հյուսիս Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ռազմական դեմարկացիոն գծից։ Այնտեղ այժմ գործում է 123 միջին ու փոքր ձեռնարկություն։ Դրանցում աշխատում է Հարավային Կորեայի մոտ 900 քաղաքացի և ԿԺԴՀ-ի 54 հազ․ քաղաքացի։ Ըստ Reuters-ի՝ Քեսոնը ԿԺԴՀ-ի համար տարեկան $2 մլրդ-ի հասույթ է ապահովում։

Քեսոն արդյունաբերական գոտու վերաբերյալ Փհենյանի որոշումը կայացվել է կարճ ժամանակ անց այն բանից, ինչ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԿԺԴՀ-ի ղկավարության վերջին գործողություններն անվանել է «վտանգավոր» և «անպատասխանատու»։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր դաշնակից Կորեայի Հանրապետությանը։

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում լարվածությունը սրվեց Փհենյանի՝ այս տարվա փետրվարին իրականացրած հերթական միջուկային փորձարկումից և ԱՄՆ-ի ու հարավկորեացիների համատեղ զորավարժությունների շրջանակում հյուսիսկորեական սահմանի մերձակայքում ամերիկյան ռմբակոծիչների ցուցադրական թռիչքներից հետո։ Օրերս Փհենյանը հայտարարեց, որ կորեական երկու պետությունների միջև հարաբերություններն անցել են «պատերազմական վիճակի»՝ չբացառելով «լիամասշտաբ» կամ անգամ «միջուկային» պատերազմի հնարավորությունը։

Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ընդգծել է, որ միջուկային զենքը ԿԺԴՀ-ի սուվերենության երաշխիքն է։ Բացի այդ՝ Փհենյանում տեղեկացրել են, որ վերականգնում են Յոնբենում միջուկային կենտրոնի աշխատանքները։

Նախօրեին ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը Հարավային Կորեայի ափերի մոտ տեղակայել է ականակիր, որի խնդիրն է ապահովել ԿԺԴՀ-ից հնարավոր հրթիռային հարձակումների խափանումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը Հարավային Կորեա էր ուղարկել երկու F-22 Raptor կործանիչ՝ մասնակցելու ամերիկա-հարավկորեական զորավարժություններին։