Ավագանու ընտրություններում մենք ենք մյուս ուժերի մրցակիցը. «Առաքելություն»

Մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններում մասնակից քաղաքական բոլոր ուժերի մրցակիցը լինելու է «Առաքելություն» կուսակցությունը: Այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Առաքելության» քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը` նշելով, որ կուսակցության գոյության երկու ամսվա ընթացքում իրենք հասցրել են հասարակության շրջանում բավական մեծ հետաքրքրություն առաջացնել:

Հանդիպմանը ներկա «Առաքելության» քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ քաղաքական դաշտում ընտրություններից բացի` կուսակցություններն այլ իրավական գործընթացի չեն կարող մասնակցել՝ իշխանության մաս կազմելու ակնկալիքով:

«Մեր կուսակցության ներուժն այն մակարդակի վրա է, որ մենք տեսնում ենք մեզ Երևանի կառավարման մասնակից»,- ասաց Առաքելյանը` ներկայացնելով իրենց կարգախոսները «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան` մեր առաջին առաքելությունը»:

Նա նշեց, որ արդեն կազմված է կուսակցության նախընտրական ծրագիրը, և իրենք օգտվելու են քարոզչության` օրենքով սահմանված բոլոր եղանակներից:

Կուսակցության ներկայացուցչի խոսքով` ավագանու ընտրություններում կեղծիքներից խուսափելու նպատակով իրենք փորձելու են հնարավորինս մեծ թվով վստահված անձինք ունենալ, ինչպես նաև բանակցում են ոչ իշխանական ուժերի հետ՝ նախընտրական և հետընտրական շրջանում համագործակցության պլատֆորմ ձևավորելու համար: Այդ նպատակով նրանք երեկ` ապրիլի 2-ին, հանդիպել են «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, իսկ այսօր` ապրիլի 3-ին, մտադիր են հանդիպել Հայ հեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հետ: