Տ. Սարգսյանը ծանոթացել է Չարենցավանի արդյունաբերական ձեռնարկությունների ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Չարենցավանի «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» արդյունաբերական գործարաններ, ծանոթացել կատարված ներդրումների արդյունքներին և ձեռնարկությունների զարգացման ծրագրերին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, տեղեկացվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում «Ասկե գրուպ»-ը, որը զբաղվելու է ամրանների արտադրությամբ, իրականացրել է մոտ 30 մլն դոլարի ներդրում: Դրա արդյունքում ընկերությունում ներդրվում է «Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումները (ամրանների գլոցման հաստոն` ավտոմատ համակարգով, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ և այլն):

ՀՀ կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվել է «Ասկե գրուպ»-ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը: Վերազինման աշխատանքների արդյունքում ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել մոտ 125 հազ.տ 8-32 մմ տրամագծով ամրաններ, որի մոտ 30%-ը նախատեսվում է արտահանել:

Վերազինման աշխատանքները կավարտվեն 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 350 նոր աշխատատեղեր՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում շարունակվում են անհրաժեշտ ապրանքների ներմուծման և տեղադրման աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընկերության ներդրումային նոր ծրագրերը, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակությանն ու գործիքակազմին: Տիգրան Սարգսյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր միջոցներով: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ունեն թափուր աշխատատեղեր և անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների կարիք, որոնց ձեռնարկությունը մտադիր է հրավիրել Ռուսաստանից: Այնուհետև վարչապետը եղել է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում մասնագիտացած «Ձուլակենտրոն» գործարանում, որը ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար:

Նշվել է, որ ընկերությունն իր արտադրանքն իրացնում է հիմնականում ներքին շուկայում, հումք և նյութեր գնում է ՀՀ ձեռնարկություններից, որոշ չափով ներկրում է նաև Ռուսաստանից, Ուկրաինայից ու Իրանից:

«Ձուլակենտրոն»-ի արտադրանքի հիմնական սպառողներն են` Զանգեզուրի, Կապանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի լեռնահարստացուցիչ կոմբինատը և ՀՀ մի շարք այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
2012թ. ընկերությունը թողարկել է 4.15 մլրդ դրամի արտադրանք` մոտ 50 տոկոսով գերազանցելով 2011թ. ցուցանիշը: Արտադրված արտադրանքն ամբողջությամբ իրացվել է:

2013թ. մարտի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 710 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմելով 17 տոկոս: Իրացվել է 925 մլն դրամի արտադրանք (աճը` 57.5 տոկոս)՝ ամբողջովին ներքին շուկայում:

Ընկերությունում աշխատում է 325 մարդ:

«Ձուլակենտրոն»-ը 2012թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 0.67 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 144-րդ տեղը:

Մեկնաբանել