Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և հենց այդ սկզբունքով առաջնորդվելով ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձել են այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության6 և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են կազմակերպության շրջանակում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման և այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին: