Ես ձեր հարիֆը չեմ. Րաֆֆի Հովհաննիսյանը` իշխանություններին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 3-ին, մարզային հանդիպումների շրջանակում այցելեց նաև Սևան քաղաք:

Դիմելով ներկաներին` Հովհաննիսյանն ասաց, որ եկել է գործելու ժամանակը: Նրա խոսքով` Սևանի մի շարք բնակիչներ իրեն տեղեկացրել են, որ այս օրերին շատ ոստիկաններ մտնում են քաղաքի խանութներ և հորդորում չմասնակացել իր հետ հանդիպումներին:

«Ես որևէ մեկի վատը չեմ ուզում, բայց թող շատ հստակ հնչի՝ ես ձեր հարիֆը չեմ, ես ձեր ենթական և ստրուկը չեմ, ոչ էլ ժողովուրդն է ձեր ստրուկը»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը` դիմելով իշխանություններին:

Միաժամանակ նա ընդգծեց, որ հատուկ որևէ խնդրանքով չի եկել Սևան, և սևանցիներն իրենք պետք է իրենց պահանջը ներկայացնեն քաղաքապետին, մարզպետին և «դե ֆակտո իշխանությանը»:

«Ով մտավ խանութ և սպառնաց, կանգնելու է դատարանի առջև»,- հավելեց նա:

Իսկ ներկաներից մեկի հարցին, թե մարտի 10-31-ը նա Ազատության հրապարակում հացադուլի, թե ծոմի մեջ էր, Հովհաննիսյանը պատասխանեց, որ սկզբից կեղծադուլ և ստադուլ էր, իսկ վերջին մեկ շաբաթը` ծոմ:

Մեկնաբանել