Վ. Սեդրակյանի փաստաբանը հերքում է իր պաշտպանյալի` մեղադրանքն ընդունելը

Էպոստագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալքեսանդր Սիրունյանը պաշտոնապես հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, համաձայն որոնց` Սեդրակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ` խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»,- ասված է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին: Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: