Հնդկաստանում կվաճառվի «անվտանգ» ներքնազգեստ

Բռնաբարությանը հակազդելու թեման Հնդկաստանում արդիական է ինչպես երբևէ: Անցյալ տարեվերջին տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 23-ամյա հնդիկ ուսանողուհին բռնաբարվել և սպանվել էր, տեղացի գիտնականները որոշել են ստեղծել ներքնազգեստ, որը կօգնի հարձակման ենթարկված հնդկուհիներին պայքարել հանցագործների դեմ:

Գերժամանակակից ներքնազգեստը կօգնի ցանկացած աղջկա վնասազերծել հանցավորին և անմիջապես ոստիկանություն կանչել, հավատացնում են հնդկական Չենայի քաղաքի ինժեներները, որոնք իրենց հայտնագործությունն անվանել են Society Harnessing Equipment՝ SHE:

Նախագծի հեղինակներից Մանիշ Մոհանի խոսքով՝ այս նորարարությունն ապահովված է GPS և GSM մոդուլներով, ինչպես նաև հոսանքահարող սարքով: Նոր ներքնազգեստն այսպես է աշխատում. սկզբից վախեցնում է հանցագործին հոսանքով, ապա հաղորդագրություն ուղարկում ոստիկանություն գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատներով: «Խելացի» ներքնազգեստը ահազանգող SMS հաղորդագրություններ է ուղարկում նաև հարձակման ենթարկված աղջկա հարազատներին:

Հնդկուհիների անվտանգությունն ապահովող ներքնազգեստը վաճառքի կհանվի մինչև տարեվերջ:

Մեկնաբանել