Աշխարհը կարելի է փոխել երևակայության ուժով

2013թ. հունիսի 1-ին Վենետիկում կբացվի 55-րդ արտբիենալեն «Հանրագիտարանային պալատ» թեմայով, ինչը հղում է ԱՄՆ-ում ապրող իտալացի ինքնուս նկարիչ Մարինո Աուրիտիի նախագծին: Վենետիկյան «Հանրագիտարանային պալատը» երևակայական թանգարան է, որը ներառում է մարդկության կարևորագույն գյուտերը՝ անիվից մինչև արբանյակ: Հիմնական ցուցադրության մեջ կընդգրկվի 37 երկիր ներկայացնող 150 նկարչի աշխատանք, ընդ որում մեկ երրորդը՝ հետմահու, ինչը բիենալեի համար բավական արտասովոր է: Ցանկում գերակշռում են աութսայդերները, խենթերը, միստիկները, խորհրդապաշտները և կիսամոռացված ավանգարդիստները: Վենետիկի բիենալեի համադրող, նյույորքյան New Museum-ի գեղարվեստական ղեկավար, քննադատ Մասիմիլիանո Ջոնին բիենալեի, դրա առաքելության և մասնակիցների մասին զրուցել է «Կոմերսանտ» թերթի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը որոշ կրճատումներով:

– Հետաքրքիր է՝ ի՞նչ են մարդիկ ակնկալում աշխարհի ամենագլխավոր բիենալեի համադրողից: Դուք Ձեզ վրա զգու՞մ եք օտար ակնկալիքների ճնշումը:

– Սովորաբար այսպես են դատում. ցուցահանդեսը պետք է ներկայացնի այն, ինչ իրականում կատարվում է արվեստի աշխարհում, և ներկայացնել գիտելիքի նորագույն ոլորտները: Համադրողից ակնկալում են, որ նա պետք է իրազեկ լինի ամեն ինչից: Ես փորձել եմ և՛ համապատասխանել այդ ակնկալիքներին, և՛ դրանց հետ հակասության մեջ մտնել: Ես չեմ փորձում ցուցադրել միտումները. որոշել եմ վերադառնալ Վենետիկի բիենալեի ավելի վաղ մոդելին և ցույց տալ ոչ միայն երիտասարդ ու ժամանակակից, այլև ավելի շուտ պատմությանը պատկանող հեղինակներին:

– Ձեր նախագիծը կոչվում է «Հանրագիտարանային պալատ»: Խոսքն իրականում գոյություն ունեցած շենքի՞ մասին է:

Անվանումը կարելի է տարբեր կերպ ընկալել: Մի կողմից այն արտացոլում է ամեն ինչ իմանալու մեզ բնորոշ ձգտումը, մյուս կողմից՝ հիմնված է նկարիչ Մարինո Աուրիտիի նախագծի վրա: Նա ինձ պես ծնվել է Իտալիայում, սակայն գաղթել ԱՄՆ, այնպես որ՝ ամեն ինչ համընկնում է: Աուրիտին մասնագիտությամբ ավտոմեխանիկ էր, որն աշխատանքից ազատ ժամանակ ստեղծել է «Հանրագիտարանային պալատ» նախագիծն ու ստացել դրա արտոնագիրը: Մոդելը պահվում է Նյու Յորքի Ժողովրդական արվեստի թանգարանում: Աուրիտիի երազանքն էր կառուցել մի թանգարան, որում կպահվեն մարդկության կուտակած գիտելիքները: Նա Փենսիլվանիայից էր, սակայն նախագիծը պատրաստում էր Վաշինգտոնի համար. տրամաբանական էր, որ աշխարհի ամենամեծ գրադարանը պետք է լիներ Սպիտակ տնից ոչ հեռու: Գործը մնացել է մակետի մակարդակում, սակայն հենց դրանում եմ ես տեսնում իմաստը: Ես վաղուց եմ իմ ցուցադրություններում ընդգրկում միամիտ նկարիչների: Աուրիտիի դեպքը ցույց է տալիս, որ մենք ձգտում ենք ամեն ինչ իմանալ, սակայն չենք կարող դրան հասնել: Նկարչի գաղափարն էր գիտելիքները ցուցադրել պատկերների միջոցով, ստեղծել յուրօրինակ «հիշողության թատրոն»:

– Դուք արդեն ունեք Գուանչժոուի բիենալեի փորձը, այնտեղ նույնպես համատեղել եք պրոֆեսիոնալ նկարիչների, ինքնուսների և վավերագրական փաստաթղթեր: Վենետիկը կդառնա Գուանչժոուի շարունակությո՞ւնը:

– Այնտեղ նույնպես գլխավոր թեման դիմանկարն էր և այն, թե ինչպես ենք հիշում կամ սիրում մարդկանց: Հասկանում եմ, որ դա կարող է պարզունակ թվալ, բայց հենց այսպիսի հասարակ բաներն ինձ ամենաշատն են տպավորում: Դիմանկարը որպես ժանր գոյություն ունի մի քանի հազարամյակ, բայց մենք շարունակում ենք զգալ դրա անհրաժեշտությունը: Այսօր մենք հեռախոսով լուսանկարում ենք մեր մտերիմներին, ուրեմն հավատում ենք նրանց պատկերների մոգական հատկությանը: Վենետիկյան նախագծի հիմքում նման գաղափարներ են ընկած, որոնք առնչվում են առհասարակ մեր պատկերելու անհրաժեշտության հետ. մարդը միակ կենդանին է, որն ունակ է միտումնավոր որևէ բան նկարել:

– «Հանրագիտարանային պալատում» մեզ սպասվում են բազմաթիվ անակնկալներ, օրինակ՝ անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների աշխատանքները:

– Ինձ համար շատ կարևոր է զերծ մնալ արվեստը լավի ու վատի բաժանելուց: Բազմաթիվ նկարիչներ ոգեշնչվում են բարձր մշակույթի տեսանկյունից անպիտան նյութից: Հիասքանչ արվեստն առհասարակ արարվում է վատ ու լավ ճաշակի սահմանագծին կամ ընդհանրապես ճաշակի կատեգորիաներից վեր է: Շտայների դեպքում կարևոր է նաև նրա փիլիսոփայությունը և Վալդորֆի դպրոցների պես նախագծերը:

– Ինչպես հասկացա, Դուք մարտահրավեր եք նետում ոչ միայն վերջին տարիների բիենալեներին, այլև արվեստի շուկային: Այն դեպքում, երբ խոշոր խաղացողները շուտափույթ հանգրվաններ են ստեղծում Ասիայում, դուք խաղադրույք եք անում ինքնուսների և խենթերի վրա:

– Ես փորձել եմ ցուցադրել շատ տարբեր հեղինակների, և հարցը արվեստի շուկան չէ: Իմ ցուցադրությունն աչքի է ընկնում բազմազանությամբ. այս տարի կլինի 158 նկարիչ՝ նախորդ տարվա հիմնական նախագծի համեմատ երկու անգամ շատ:

– Ձեր նախագծին մասնակցում է նաև անցյալ տարվա Բեռլինի բիենալեի համադրող Արթուր Ժմիևսկին՝ նկարիչ, որն ունի վառ արտահայտված քաղաքական դիրքորոշում: «Հանրագիտարանային պալատն» ունի՞ քաղաքական առաքելություն:

– Ես առաջնորդվում եմ փիլիսոփա Էլիո Վիտորինիի խոսքով՝ «Արվեստը չպետք է նվագակցի հեղափոխությանը»: Քաղաքական իմաստն ավելի լավ է հայտնաբերել նոր լեզվի, ոչ թե՝ գաղափարների պատկերման միջոցով: Կարևոր է նաև սյուրռեալիստների փորձը, որոնք հավատում էին զգայախաբությունների և անուրջների նշանակությանը և նրան, որ աշխարհը կարելի է փոխել երևակայության ուժով: Ես ձգտում եմ տեղի ունեցողի հանդեպ իմ վերաբերմունքն արտահայտել անսպասելի արվեստի նմուշներ ընդգրկելով, որոնք հեռու են արվեստի շուկայից կամ լավ վաճառվող լինելուց: