Associated Press-ն արգելում է օգտագործել «անօրինական ներգաղթյալ» եզրը

Ամերիկյան Associated Press (AP) տեղեկատվական գործակալությունն իր աշխատակիցներին արգելել է օգտագործել «անօրինական ներգաղթյալ» եզրը, ասված է գործակալության պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրությունում։

«Associated Press-ը փոխում է մոտեցումը որևէ երկրում ապօրինի ապրող մարդկանց բնորոշման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

Համաձայն նոր պահանջների՝ «անօրինական» եզրը այսուհետ պետք է կիրառվի ոչ թե հենց մարդկանց նկատմամբ, այլ նրանց գործողությունների։ Օրինակ՝ որևէ երկրում ապօրինի ապրելը կամ ապօրինի մուտքը որևէ երկիր նախկինի պես կարող են բնութագրվել որպես «անօրինական», ասված է հաղորդագրությունում։

«Անգլերենը մշտապես զարգանում է, հարստանում է նոր բառերով ու արտահայտություններով, և մեր խնդիրն է օգտագործել երևույթը բնութագրող որքան հնարավոր է հստակ ու ճիշտ բառեր»,- ասում է գործակալության առաջին փոխնախագահ և գործադիր խմբագիր Քեթլին Քերոլը։

Գործակալությունը տեղեկացնում է, որ այս որոշմանը նախորդել են երկարատև բանավեճեր, որոնց ընթացքում նաև որոշվել է հիվանդությունների դեպքում օգտագործել ոչ թե «պիտակներ», այլ «հուսալի աղբյուրի մատնանշմամբ ախտորոշումներ», օրինակ՝ «(մարդ), որի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա»՝ «շիզոֆրենիայով տառապողի (շիզոֆրենիկի) փոխարեն»։