Երևանից Վան՝ Բաքվի վրայով

«Երևան-Վան չվերթը չեղյալ հայտարարվեց Ադրբեջանի կատաղի դիմադրությունից հետո»,- Azatutyun.am կայքի փոխանցմամբ՝ գրել է Reuters-ը:

Reuters-ի թղթակից Ջոնաթան Բըրչը մանրամասնորեն պատմել է Երևան-Վան չվերթի տապալումն ուղեկցող սկանդալի մասին` գրելով. «Ընդամենը 45 րոպե տևող այս չվերթները պետք է իրականացվեին ապրիլի 3-ից` շաբաթական երկու անգամ: Այդ քայլը համահունչ էր Միացյալ Նահանգների գործադրած ջանքերին, որոնց նպատակն է խթանել հաշտեցման գործընթացը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացմանը»:

Հիշեցնելով, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը Երևան-Վան թռիչքների իրականացումը անորոշ ժամկետով հետաձգեց՝ առաջին չվերթից հաշվված օրեր առաջ` Reuters-ի թղթակիցը գրել է. «Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում հաստատեցին, որ չվերթի իրականացումը սառեցվել է, սակայն որևէ պատճառ այդպես էլ չնշեցին: Չվերթի անմիջական իրականացնող BoraJet ավիաընկերության ղեկավարներից մեկն էլ երկու անգամ հերքեց, թե իրենց ընկերությունը ընդհանրապես դեպի Երևան չվերթներ իրականացնելու մտադրություն է ունեցել»: Reuters-ի թղթակցի խոսքով, սակայն, անգամ երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, BoraJet-ի պաշտոնական կայքում հնարավոր էր պատվիրել Երևան-Վան չվերթի տոմսերը:

Մեկ այլ հեղինակավոր արևմտյան գործակալություն` France-Presse-ը մեջբերել է թուրքական ավիաընկերության ղեկավար Քադիր Պեքերի պարզաբանումը, որն ասել է. «Դեպի Երևան չվերթը չեղյալ հայտարարվեց, քանի որ հարկ եղավ BoraJet-ի տրամադրության տակ եղած օդանավերն օգտագործել դեպի այլ ուղղություններ թռիչքներ իրականացնելու համար»:

France-Presse-ի թղթակիցը ևս որպես չվերթի սառեցման պատճառ մատնանշել է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումները: «Այս մասին մասնավորաբար գրում է թուրքական մամուլը»,- նշել է ֆրանսիական լրատվական գործակալությունը:

Երևան-Վան չվերթի տապալման ադրբեջանական վարկածին են հակված նաև նախագծի իրագործման հայկական կողմի պատասխանատուները: Reuters-ի թղթակցի հետ զրույցում «Նարեկավանք Տուր» ընկերություն ղեկավարներից Արմեն Հովհաննիսյանն ասել է. «[Ադրբեջանի ներգրավվածությունն] իհարկե ողջ բանաձևի մի մասն էր, և չի բացառվում, որ նրանք որոշակի կուլիսային աշխատանք են տարել»: