Ֆրանսիացի նախկին նախարարի խոստովանությունը` քաղաքական երկրաշարժ

Քաղաքական իրական երկրաշարժ է դարձել Ֆրանսիայում բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակի խոստովանությունը․ փաստը, որ արտասահմանում գաղտնի հաշիվ է ունեցել մի մարդ, որը բարձրաձայն կոչ էր անում ամբողջ Եվրամիությանը վճռականորեն վերջ դնել փողերի լվացմանը և հարկերի վճարումից խուսափելուն, վրդովմունք է առաջացրել իշխող սոցիալիստների շարքերում, հաղորդում է Euronews-ը։

«Ժերոմ Կայուզակը ստել է։ Նա ստել է Հանրապետության նախագահին, ստել է վարչապետին,- հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավար Ժան Մարկ Էրոն։ – Քաղաքական գործիչը պետք է անթերի լինի, անգամ ավելի անթերի, քան մնացած քաղաքացիները։ Նա պետք է օրինակ ծառայի և առաջինը հարգի օրենքները»։

Երկրի գլխավոր ընդդիմության ներկայացուցիչները՝ աջակենտրոնները, չեն թաքցնում, որ այս սկանդալն իրենց օգտին է։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել նոր օրենք, որը պետպաշտոնյաներին կպարտավորեցնի բացահայտել իրենց եկամուտների ու ֆինանսական վիճակի մասին տեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Կայուզակի շուրջ սկանդալը անհարմար դրության մեջ է դնում սոցիալիստների կառավարությանը, որը փորձելով հասնել պետպարտքի կրճատման՝ առաջնահերթություն է հայտարարել հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։