Քաղաքական ուժերի հետ համագործակցության հիմքերը դրված են. Ա.Մուսինյան

Երևանի ընտրությունները քաղաքական կարևորագույն նշանակություն ունեցող ընտրություններ են: Եթե իշխանական ուժերը զրկվեն Երևանը կառավարելու հնարավորությունից, ապա կքանդվեն ապօրինությունների համակարգի մի շարք հենասյուներ. այս մասին այսօր «Ա1+»-ի տաղավարում նշեց Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը:

Ըստ նրա՝ հնարավոր է, որ ընտրությունների վերահսկողության համար կազմվի միասնական շտաբ: Մուսինյանը հնարավոր համարեց համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ՝ «բացի Հանրապետականից ու ՕԵԿ-ից»: «Համագործակցության հիմքերը դրված են»,- հավաստեց նա:

Մուսինյանը նշեց, որ ողջ երկրի կյանքում մեծ փոփոխություն կբերի մայրաքաղաքի ընդդիմադիր քաղաքապետը՝ նույնիսկ չնայած ստիպված է լինելու աշխատել իշխանությանը ենթակա դատարանների և այլ կառույցների պարագայում: «Քաղաքապետի և քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում կարվի ամեն ինչ, և այս վարչախումբը արդեն ստիպված կլինի հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ: Բացի դրանից՝ ՀԱԿ-ի քաղաքապետը հրապարակում կունենա քաղաքացիների աջակցությունը»,- նշեց նա: