Քաղաքական, թե քաղաքային

Քաղաքային ընտրությունները, դասական ընկալմամբ քաղաքական լինելով հանդերձ, ավելի շատ տեղական նշանակություն ունեցող և կոնկրետ քաղաքային տնտեսությունը արդյունավետ կառավարող մենեջերի ընտրություններ պետք է լինեն: Դասական ընկալումը աշխատում է այն երկրներում, որտեղ արմատավորված ժողովրդավարական մշակույթ կա, և ընտրություններն արտահայտում են ժողովրդի կամքը:

Սակայն Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն՝ գյուղապետականից մինչև նախագահական, գերքաղաքականացված է: Եթե նախագահական ընտրությունների դեպքում այդ իրավիճակը տրամաբանական է, ապա ՏԻՄ ընտրությունների դեպքում գերքաղաքականացվածությունը հուշում է այն մասին, որ տվյալ երկիրը ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ լուրջ խնդիրներ ունի:

Նախ քաղաքային և ՏԻՄ ընտրությունները գերքաղաքականացվում են այն պատճառով, որ ընտրական ինստիտուտը հանրապետությունում խեղված է: Քաղաքական կուսակցությունների և առանձին գործիչների համար գերնպատակ է դառնում ոչ թե ծրագրային քարոզարշավը, այլ ընտրակեղծիքների դեմ պայքարը: Այս իրավիճակում առաջ քաշված ծրագրերն ու առաջարկությունները երկրորդական նշանակություն ունեն, քանի դեռ հանրությունը չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչպես են կուսակցությունները կանխելու ընտրակեղծիքները:

Երկրորդ հիմնական պատաճառներից մեկն այն է, որ Հայաստանում ընտրությունները դիտվում են ոչ թե նպատակային խնդիրների լուծման համար անհրաժեշտ մարդկանց սելեկցիա, այլ պետական ապարատի համալրում՝ իշխանության պահպանման և վերարտադրման համար անհրաժեշտ մարդկանցով: Օրինակ՝ օրենսդիր մարմնում հիմնականում իշխող կուսակցության կողմից հայտնվում են մարդիկ, որոնք ոչ թե ներկայացնում են քաղաքացիների շահերը և զբաղվում պրոֆեսիոնալ օրենսդիր աշխատանքով, այլ հայրենի խորհրդարանում են, որովհետև ընդունակ են տարբեր մեթոդներով քվեներ հայթայթել կենտրոնական իշխանության համար: ՏԻՄ ընտրությունների պարագայում ևս համայնքների ղեկավարներ են ընտրվում ոչ թե պրոֆեսիոնալ մենեջերներ, որոնք ի վիճակի են արդյունավետ կառավարել համայնքային տնտեսությունները, այլ համայնքապետ են դառնում մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ կերպով ծառայում և հպատակվում են իշխանություններին:

Այս պատճառով է, որ ՏԻՄ ընտրությունները գերքաղաքականացվում են, առավել ևս՝ մայրաքաղաք Երևանում, որն իր մարդկային և տնտեսական ներուժով պետություն է պետության մեջ: Հետևաբար՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները առավել քան որևէ այլ համայնքում վերածվում են իշխանությունը պահելուն միտված կարևոր գործընթացի, իսկ մայրաքաղաքի համար արդյունավետ կառավարող մենեջեր ընտրելու նպատակը մղվում է երկրորդ պլան:

Մեկնաբանել