Երբ որոշում ես գործոն դառնալ, նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են դատարկ թղթեր

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ բանակցություններ են վարվում արագընթաց երկաթուղիների աննախադեպ ցանցի կառուցման վերաբերյալ: Արդեն 2022թ. ճեպընթացները իրար կկապեն Չինաստանն ու Մեծ Բրիտանիան՝ անցնելով տասնյոթ երկրների միջով: Այս երկաթուղիների մի մասն արդեն իսկ կառուցված է: Արագընթաց երկաթուղիների ցանցն աշխարհում անընդհատ աճում է և ցամաքային տարածքում լրջորեն մրցակցում օդային փոխանակումների հետ:

Երկաթուղային ցանցը ՀՀ-ում անկախության հռչակումից ի վեր անընդհատ կրճատվել է, իսկ Արցախում՝ վերացել: Թեև հայկական երկաթուղու ռելսերն արևելքում վերջանում են ՀՀ և ԼՂՀ սահմանի մոտ՝ Զոդում, երկաթուղային կապ երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն չունի: Փոխարենը վերակառուցվել է խորհրդային տարիներին աշխատած օդանավակայանը:
Մասնագետները բարձր են գնահատում օդանավակայանի վրա կատարված աշխատանքը, տեխնիկական զինվածությունը, արցախյան բյուրոկրատական ավանդույթի համաձայն՝ այն նույնիսկ հագեցած է աշխատակիցներով, որոնք էլ բարեխիղճ ներկայանում են աշխատանքի: Ափսոս, ինքնաթիռ չի թռչում՝ հակառակ արցախյան և հայաստանյան պաշտոնյաների տարբեր պնդումների: Իսկ օդանավակայանն էլ կարծես թե հենց ինքնաթիռների համար է նախատեսված, հենց այնպես աշխատող անձնակազմ տասնյակից ավելի շատ նախարարություններում էլ կարելի էր տեղավորել:

ՀՀ և ԼՂՀ միջև երկաթուղային կապը օրախնդիր հարց է, ինչը Արցախի տնտեսության զարգացման համար խթանիչ կարող է հանդիսանալ՝ կրճատելով տրանսպորտային ծախսերն ու ավելացնելով զբոսաշրջային հետաքրքրությունը: Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանով Արցախի սիրտ ձգվելիք երկաթուղին նոր աշխուժություն կհաղորդի թերբնակեցված բնակավայրերին՝ դրանք տնտեսական առումով դարձնելով հրապուրիչ: Նման հեռանկարը կարող է ոգևորել նաև Արցախի ոսկին, քարածուխը և այլ հանքանյութեր արդյունահանող ընկերություններին, եթե, իհարկե, նրանք ի վիճակի են ռազմավարական զարգացման ծրագրեր մշակել:

ՀՀ-ԼՂՀ երկաթուղային կապի ստեղծման կամ դրա մասին կառավարական մակարդակով մտածելու հիմնական խոչընդոտը, սակայն, քաղաքական է, ինչպես օդանավակայանի դեպքում: Եթե Ստեփանակերտի օդանավակայանում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի պատճառով, ինչը խնդիր է առաջացնում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում, ապա երկաթուղու մասին չի խոսվում հայկական իշխանությունների՝ զիջումներին պատրաստակամության պատճառով:

Խրոնիկ պարտվողական քաղաքականությունը, որ Հայաստանը վարում է վերջին հինգ տարիներին, կաթվածահար է անում Արցախի զարգացման հեռանկարները, արգելակում ներդրումներն ու բարեգործական որոշ ծրագրեր: Սրա վառ ապացույցը շուրջ վեց տասնյակ ընտանիքների՝ Քարվաճառում հաստատվելու դիմումներն են և դրանք անպատասխան թողնելը: Իսկ դիմումները բավարարել կնշանակի վերաբնակեցման ծրագրով հասանելիք տների և այլ օժանդակության տրամադրում, ինչն էլ Քարվաճառի բնակչությունը կկրկնապատկի:
Աշխարհի մեծ մասը շուտով իրար կկապվի արագընթաց երկաթուղային ցանցով: Զարգացման նոր սխեմաներ են մշակվում ամեն օր: Իսկ մենք ՀՀ-ն և ԼՂՀ-ն իրար կապող մի քանի տասնյակ կիլոմետր երկաթուղու մասին մտածել էլ չենք կարող միջազգային հարաբերությունների մասին կարծրատիպերի և կաղապարների մեջ կուրացած քաղաքական ղեկավարության պատճառով: Գոնե Քարվաճառի խորհուրդը պետք է ցույց տար, որ երբ որոշում ես գործոն դառնալ, նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են դատարկ թղթերի վերածվում: Իսկ այսօր մեզ համառորեն զրկում են գործոն դառնալուց: Հենց մերոնք: Մեր իշխանությունները:

Մեկնաբանել