Երեք տարում ՀՆԱ-ն ավելացել է այնքան, որքան վարկ ուղղվել է տնտեսություն

Վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը վարկային միջոցներն են եղել. 2010-2012 թթ. բանկային համակարգում վարկային պորտֆելն աճել է Դ850 մլրդ-ով, այն դեպքում, երբ ՀՆԱ-ն ավելացել է Դ840 մլրդ-ով։ Բացի այդ՝ անցած տարի 2009թ. համեմատ գրեթե կրկնապատկվել է վարկեր/ՀՆԱ ցուցանիշը (2009թ. այն 23,7% էր)։

Անցած տարի Հայաստանում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 40,3%, այս հարաբերակցությամբ հանրապետությունը դեռ զիջում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի նույնական ցուցանիշ ունեցող երկրներին։ Սերբիայում, օրինակ, վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2012թ. կազմել է մոտ 55%, Ուկրաինայում՝ ավելի քան 50%, Ալբանիայում՝ 70%։

Վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացումը խոսում է ֆինանսական միջնորդության, իրական տնտեսությունում բանկերի դերի աճի մասին։ Մյուս կողմից՝ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները վկայում են, որ ռիսկային է նաև բանկերի որդեգրած քաղաքականությունը։

Վերջին երեք տարիներին բանկերի վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 25%, ընդհանուր վարկային պորտֆելն ավելացել է մոտ Դ850 մլրդ-ով, այն դեպքում, երբ 2010-2012 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է համապատասխանաբար 2,2%, 4,7% և 7,2%, իսկ 2012թ. ՀՆԱ-ն շուկայական գներով, 2009թ. համեմատ ավելացել է Դ840 մլրդ-ով։ Ստացվում է, որ այս ընթացքում ՀՆԱ-ն ավելացել է այնքան, որքան վարկ է ուղղվել տնտեսություն։ Հանգամանքը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ վարկավորման պորտֆելի աճին զուգահեռ բանկային համակարգում վատթարացել են այլ ցուցանիշներ։

Այսպես՝ տնտեսավարողները հիմնականում նախընտրել են փոխառու միջոցները, որոնց մասնաբաժինը նրանց կապիտալում շուրջ 40% է։ Սա ոչ միայն բացասաբար է ազդում բիզնեսի ֆինանսական վիճակի վրա, քանի որ փոխառու միջոցները ենթադրում են լրացուցիչ ֆինանսական ծախսեր, այլև ոչ բարենպաստ տնտեսական միջավայրում վարկերի սպասարկման խնդիրներ են ստեղծում։

Բացի այդ՝ վերջին երեք տարիներին տնտեսության ագրեսիվ վարկավորումից բանկերն իրականում չեն էլ շահել։ Եթե 2010թ. բանկերի ROE-ն (կապիտալի եկամտաբերության մակարդակը) կազմել է 11,36%, իսկ ROA-ն (ակտիվների շահութաբերության մակարդակը)՝ 2,37%, ապա անցած տարի ROE-ն եղել է 11,22%, իսկ ROA-ն՝ 1,92%։ Ստացվում է, որ վարկային պորտֆելի ու ակտիվների աճը իրականում չի բխել բանկերի բաժնետերերի շահերից, քանի որ տեղի է ունեցել շահութաբերության մակարդակի նվազում։

Եթե հաշվի առնենք նաև այս ընթացքում բանկային և պետական պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների փոփոխությունը, ապա բանկերի բաժնետերերը նույնիսկ կորցրել են միջոցները։ 2012թ. պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 13,58%՝ 2010թ. 11,67%-ի դիմաց։ Այս պայմաններում բանկի բաժնետերերը միջոցները պետական պարտատոմսերում ներդնելու դեպքում 21%-ով ավելի շատ եկամուտ կստանային։

Բանկերի շահութաբերության մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ներգրավվող միջոցների թանկացմամբ, այնպես էլ մրցակցության արդյունքում վարկերի տոկոսադրույքների արձանագրվող նվազմամբ ու ռիսկերի գնահատման մեղմացումներով։ Այսպես, եթե 2010թ. ֆիզիկական անձանցից մեկ տարուց ավելի ժամկետով ներգրավվող դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 11,5%, դոլարային ավանդներինը՝ 8%, ապա անցած տարի դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 12,4% է եղել, դոլարային ավանդներինը՝ 8%։ Բացի այդ՝ 17%-ից մինչև 15% են նվազել վարկերի միջին տոկոսադրույքները։ Արդյունքում ստացվել է, որ եթե 2010թ. վարկերի տոկոսադրույքում ռիսկի պրեմիան (բանկի շահույթը) 2,8% է կազմել, ապա 2012թ. այն արդեն 2,5% էր։

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բանկերի 80%-ը օտարերկրյա կապիտալով է, ապա եկամտաբերության մակարդակի հետագա նվազումը կարող է հանգեցնել բանկային համակարգից կապիտալի արտահոսքի։