Մետաղների գների նվազումը արդյունահանվող ծավալների աճի պատճառ է դարձել

Համաշխարհային շուկայում մետաղների գների անկումը հանգեցրել է Հայաստանում հանքերի ավելի ինտենսիվ շահագործման։ Եթե այս տարվա հունվար-փետրվարին հանքարդյունաբերության ոլորտում գումարային արտահայտությամբ աճը կազմել է 15,2%, իսկ հիմնային մետաղների արտադրության ոլորտում՝ 16,6%, ապա ֆիզիկական ծավալներով մետաղների արտադրությունն ավելացել է 20-30%-ով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է 20,8%-ով՝ կազմելով 21,8 հազ. տոննա, մոլիբդենի խտանյութինը՝ 21,7%-ով (արտադրվել է 1,56 հազ. տոննա), ֆերոմոլիբդենի արտադրությունն ավելացել է 34,6%-ով (մինչև 789 տոննա), կոնվերտորային պղնձի արտադրությունը կազմել 1,55 հազ. տոննա (աճը՝ 30,3%)։

Ֆիզիկական ծավալների աճը պայմանավորված է նաև հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վերջին տարիներին արտադրական հզորությունների ընդլայնումով, սակայն հիմնական պատճառը մետաղների գների նվազումն է։ Այսպես՝ եթե անցած տարվա երկու ամիսներին 1 տոննա պղնձի միջին գինը համաշխարհային շուկայում $8,4 հազ. էր, մոլիբդենինը՝ 32 հազ., ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 1 տոննա պղնձի միջին գինը կազմել է 8 հազ., մոլիբդենինը՝ 25,5 հազ.։ Պղինձն այս ընթացքում էժանացել է 4,8%-ով, մոլիբդենը՝ 20,3%-ով։

Եթե հաշվի առնենք, որ ընկերությունները ներդրումներ են կատարել նաև արտադրական հզորություններում, և առկա է դրանց վերադարձելիության խնդիր, ապա մետաղների գնանկման դեպքում նրանք ստիպված են լինելու ֆիզիկական ծավալներն ավելացնել ոչ թե գների նվազմանը համաչափ, այլ առաջանցիկ տեմպով։

Հանքարդյունաբերության ոլորտում գումարային աճը ֆիզիկականին զիջել է նաև անցած տարի, ինչը նույնպես պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում մետաղների գների անկումով։

Այսպես՝ 2012թ. պղնձի ֆիզիկական ծավալներով արտադրության 21,8%, կոնվերտորային պղնձի՝ 13,5%, մոլիբդենի խտանյութի 12,9% աճի պայմաններում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է 14,7%, իսկ հիմնային մետաղների արտադրության ոլորտում՝ 9,1% աճ։

Ֆիզիկական ծավալների կտրուկ ավելացումը կարճաժամկետ խնդիր է լուծում՝ ընկերություններին և բյուջեին ապահովելով լրացուցիչ եկամուտներով, սակայն խնդրահարույց է երկարաժամկետ կտրվածքում, քանի որ տեղի է ունենում պաշարների կտրուկ նվազում։

Մեկնաբանել