Ապրիլի 6-ին «Դորիանս» ռոք խումբը և Սիրուշոն հանդես կգան մեկ բեմում՝ երկու տարբեր ծրագրերով։

Այս օրերին «Դորիանս» խումբը պատրաստվում է մեծ բեմելի: Տղաները մինչ այս բազմահազար լսարանի համար մենահամերգի հնարավորություն չեն ունեցել: Ապրիլի 6-ին խումբը կհանդիպի իր երկրպագուներին Մարզահամերգային համալիրում: Երկու ժամ տևող շոուն համակցված կլինի՝ առանձին ծրագրով հանդես կգա նաև Սիրուշոն: Նախագծի նախաձեռնողը Deem communications ընկերությունն է։

Խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն ասում է, որ ընկերության առաջարկն անսպասելի էր և տարօրինակ է թվացել երաժիշտներին: «Հետո հասկացանք, որ կարելի է այդ էքսպերիմենտն անել: Ժանրային տարբերությունը հետաքրքիր կարող է ստացվել: Ինչ կլինի՝ չգիտեմ, բայց վստահ եմ, որ Սիրուշոն և մենք որակը կապահովենք»,– ասաց նա։

Թեև Սիրուշոն ու «Դորիանսը» միաժամանակ չեն լինի բեմում, հավանաբար մեկ երգ նրանք կկատարեն միասին: Տղաներն այլ մանրամասներ չեն հայտնում՝ ցանկանալով «անակնկալ» անել։

«Դորիանսը» կներկայանա Fly ալբոմի երգերով: Կհնչի նաև մի քանի նոր երգ: Վերջապես առաջին անգամ կենդանի կատարմամբ հանդիսատեսը կլսի Lonely planet երգը, որով հաշված շաբաթներ անց խումբը կներկայանա «Եվրատեսիլում»։

Վերջերս «Դորիանսին» քիչ են տեսնում ակումբներում, ինչն առաջին հերթին պայմանավորված է խմբի զբաղված լինելով: Սակայն կա ևս մեկ հանգամանք՝ «Դորիանսը» նոր մենեջեր ունի: Այս պաշտոնը ստանձնել է Արա Թադևոսյանը, որը պատրաստվում է նոր ուղով տանել տղաներին: Մենեջերից բացի՝ «Դորիանսի» համար աշխատում է չորս հոգուց բաղկացած թիմ, այդ թվում՝ Վարդան Զադոյանը՝ որպես կրեատիվ պրոդյուսեր։

Բաս կիթառահար Գագիկ Խոդավիրդին և Գոռ Սուջյանն ասացին, որ նոր թիմի հետ աշխատելը ազատել է իրենց շատ դժվարություններից:
«Մենք առանձնացած ենք հոգսերից: Ինձ թվում է՝ Հայաստանում նման թիմ չկա, շատ շնորհակալ ենք, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով է արվում»,– ասաց Գագիկը, իսկ Գոռն ավելացրեց. «Եթե մենք զբաղվենք բիզնեսով, կարող ենք տենդի մեջ ընկնել և մտածել ավելի շատ գումար վաստակելու մասին: Դա մեզ կկտրի արվեստից, բնությունից ու աշխարհից, որը մենք ստեղծել ենք»:

«Դորիանսն» ինքն իրեն շատ երիտասարդ խումբ է համարում: «Կարելի է ասել, որ մենք գտել ենք մեզ, մեր երաժշտությունը: Մնում է միայն ինչ-որ բաներ ավելացնել, թարմացնել, նոր գույն ու համ հաղորդել հնչողությանը: Իհարկե, դեռ կփոխվենք»,– ասաց Գոռը:

«Դորիանսը» նոր ալբոմի ձայնագրության է պատրաստվում, հետագա ծրագրերի մասին փորձում է շատ չխոսել: Այնուամենայնիվ, տղաները հաստատում են, որ շարունակում են աշխատել արևմտյան շուկա դուրս գալու ուղղությամբ: Հայտնի է, որ մոտ ապագայում նրանք կրկին կհամագործակցեն բրիտանական լեգենդար Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմի հետ, նաև կիրականացնեն վաղուց խոստացած ելույթը Գլեն Հյուզի հետ։ Զրույցի ավարտին Գագիկն ու Գոռը խոսեցին առաջիկա ելույթի և դրա շուրջ ստեղծված մթնոլորտի մասին։

Գագիկը սկսեց ֆուտբոլային համեմատությունից: «Եթե ես սիրում եմ «Բարսելոնա» թիմը, և «Բարսելոնան» մի օր խաղա հայաստանյան թիմի հետ, ես պիտի երկրպագեմ Հայաստանին, բնականաբար: Խոսքը «Եվրատեսիլի» մասին է: Պետք չէ վատ վերաբերվել Բաքվում մեր ելույթի գաղափարին, մեկնաբանություններ գրել Youtube-ում և այլ տեղերում: Կարևոր է, որ թև-թիկունք կանգնենք գոնե մեկս մյուսին:
Գոռը, որ երգելու է այնտեղ, մեզ է ներկայացնելու։ Դա դժվար բան է, նա մեծ պատասխանատվություն է ստանձնել: Ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ մեր ազգն էլ մեզ աջակցի»,– ասաց Գագիկ Խոդավիրդին:

Արդեն մի քանի օրից «Դորիանսը» կհանդիպի իր երկրպագուների հետ երկրի ամենամեծ դահլիճում: Իսկ առջևում «Եվրատեսիլն» է՝ Ադրբեջանում։

Տեսանյութը դիտեք այստեղ:

Մեկնաբանել