Ջոն Քերին կրկին կայցելի Թուրքիա

Շաբաթվա վերջում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կսկսի արտասահմանյան նոր շրջագայությունը, և նրա առաջին կանգառը կլինի Թուրքիան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, սիրիական ճգնաժամի և թուրք-իսրայելական հարաբերությունների քննարկման նպատակով Քերին ապրիլի 6-ին կլինի Ստամբուլում և կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ:

Թուրքիայում այցն ավարտելուց հետո Քերին Իսրայելում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իսկ Պաղեստինում` նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների տեղաշարժից հետո Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հանձնարակական է ստացել շարունակել աշխատանքն այդ երկու երկրների հետ և նրանց հարաբերությունները լիովին կարգավորել:

Սա Ջոն Քերիի երկրորդ այցն է Թուրքիա: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Քերին 2013թ. մարտի 1-ին առաջին անգամ այցելել էր Թուրքիա, ինչից հետո դրական տեղաշարժ էր նկատվել թուրք-իսրայելական հարաբերություններում:

Zaman-ի հաղորդմամբ` Քերիի այցից հետո Թուրքիա կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: