Թարգենք աթոռակռիվը հանուն Հայաստանի. Ր. Հովհաննիսյանը` Ս. Սարգսյանին

Մարզային հանդիպումների շրջանակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, այցելեց Նոյեմբերյան:

Հովհաննիսյանը ներկաներին հայտարարեց, որ այս անգամ պայքարը տանելու են մինչև ժողովրդի պատգամի իրականացումը, և ապրիլի 9-ին հայ ժողովուրդը միասին կազմելու է փրկության բանակ:

Նա գործող նախագահ Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ կոչ արեց դադարեցնել «կուսակցակռիվը, աթոռակռիվը, ժողովրդին ծաղրելը, խորանից սուտ վկայություններ տալը»:

«Սա ո´չ իմ, ո´չ էլ Ձեր պարտությունն է, թարգենք աթոռակռիվը հանուն Հայաստանի»,- հայտարարեց նա` Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրելով Ազատության հրապարակ:

«Եթե դուք պատրաստ եք, ես և Դուք դուրս կգանք այս պայքարից և կգնանք սահման՝ երկիրը պաշտպանելու»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը` նշելով, որ այս 5 օրերը ժողովրդի համար ճակատագրական են, իսկ ապրիլի 9-ը լինելու է ազգային միասնության օր: Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց նաև, որ այդ օրը Սփյուռքը և ամբողջ Հայաստանը լինեն Ազատության հրապարակում, իսկ հատուկ նշանակության զորքերը զբաղվեն իրենց գործերով և չկանգնեն ժողովրդի ու ոստիկանության միջև:

Մեկնաբանել