«Մենք ենք այս քաղաքի տերը» դուրս է գալիս Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից դուրս գալու իր որոշման մասին:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: Անցած 6 ամիսներին հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեցան և չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում, երկու ապօրինի շինարարություններ են ընթանում «Ջազվե» և «Օրիենտո» սրճարաններում: Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումները Երևանի կարևոր հանրային հատվածներում չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխանը, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք: Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել:

Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին: Կից հրապարակում ենք նոր բարբարոսությունների լուսանկարներն ու նախկինում նշված դեպքերի մի մասը և անարձագանք մնացած առաջարկները: Այս ամենը ենթադրում է քաղաքային իշխանության ուղղակի պատասխանատվություն և խոսում է այն մասին, որ քաղաքացիները ստիպված են լինելու ինքնուրույն պաշտպանել Երևան համայնքի տարածքը քաղաքապետարանից և մասնավոր շահերից»: