Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաշատը Հայաստանից են ցանկանում արտագաղթել. Gallup

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Gallup World կազմակերպությունը հրապարակել է 2010-2012 թթ. նախկին խորհրդային հանրապետություններում անցկացրած իր հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ ամենաշատը Հայաստանից են մարդիկ ցանկանում արտագաղթել՝ 40%, և ամենաքիչը՝ Ուզբեկստանից՝ 5%: 12 երկրներում իրականացված հարցմանը մասնակցել է 41 072 չափահաս՝ 15 և ավելի բարձր տարիքի:

Gallup-ն իր կայքում հրապարակած ամփոփագրում նշում է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից երիտասարդները ավելի քիչ են հակված արտագաղթել, քան ընդհանուր նախկին ԽՍՀՄ տարածքից:

Հարցին՝ «հնարավորության դեպքում դուք կտեղափոխվեի՞ք այլ երկիր մշտական բնակության, թե՞ կնախընտրեիք մնալ ձեր երկրում», ըստ երկրների՝ տեղափոխվելու օգտին արտահայտվածների հետևյալ պատկերն է ստացվել.

Հայաստան՝ 40%,

Մոլդովա՝ 32%,

Ուկրաինա՝ 21%,

Բելառուս՝ 17%,

Ղրղըզստան՝ 16%,

Ռուսաստան՝ 14%,

Ադրբեջան՝ 14%,

Վրաստան՝ 14%,

Ղազախստան՝ 13%,

Տաջիկստան՝ 11%,

Թուքմենստան՝ 6%,

Ուզբեկստան՝ 5%:

Այլ երկրում մշտական բնակություն հաստատել ցանկացողների միջին թիվն այս երկրներում կազմել է 15%:

2011-2012 թթ. հարցվածները այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու հիմնական պատճառ նշել են սոցիալ-տնտեսական գործոնները: Նախկին ԽՍՀՄ երկրներում պոտենցիալ արտագաղթողների 52%-ը նշել է, որ ցանկանում է բարձրացնել կենսամակարդակը ավելի լավ պայմաններ ունեցող երկրում: 10%-ն էլ ասել է, որ ցանկանում է ավելի լավ աշխատանք գտնել կամ չի կարողանում աշխատանք գտնել իր երկրում: Ութ հոգուց մեկը նշել է, որ մտածում է ավելի շատ ոչ թե իր, այլ իր երեխաների ապագայի մասին:

Աղյուսակ. Այլ երկիր մշտական բնակության մեկնելու ցանկության հիմնական պատճառները

%

ավելի լավ կենսամակադրակը

52

երեխաների ապագան

13

ավելի լավ աշխատանք գտնելը/սեփական երկրում աշխատանք չգտնելը

10

սոցիալական օգուտներն ու արտոնությունները

4

ընտանիքին ավելի մոտ լինելը

3

ապրելը մի երկրում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են

3

ապրելը մի երկրում, որտեղ ավելի քիչ հանցագործություն կա

1

սեփական երկրում բնապահպանական խնդիրները

1

այլ պատճառներ

2

չգիտեմ/հրաժարվում եմ պատասխանել

12

Որոշ երկրներում արտագաղթելու ցանկության գլխավոր գործոնը երեխաների ապագան է: Ընդհանուր արտագաղթողների շարքում հանուն դրա առավել շատ կցանկանային արտագաղթել Թուրքմենստանից՝ 29% և Ղազախստանից՝ 21%: Հայաստանի դեպքում 13%-ն է դա նշել որպես արտագաղթելու պատճառ:

Ընդ որում՝ կանայք հարցված 12 երկրներում ավելի հակված են արտագաղթել հանուն երեխաների ապագայի, քան՝ տղամարդիկ՝ 17% և 10% համապատասխանաբար:

Gallup-ի մասնագետները որպես եզրակացություն նշում են, որ այս երկրների ղեկավարները ավելի լավ պետք է հասկանան այն պատճառները, թե ինչու են մարդիկ ուզում երկրից հեռանալ: «Նախկին ԽՍՀՄ երկրներում արտագաղթելու հիմնական պատճառը տնտեսական պայմաններն են, սակայն մարդիկ ցանկանում են արտագաղթել նաև հանուն երեխաների ապագայի»,- նշում են Gallup-ի մասնագետները և հավելում, որ եթե երկրները չկարողանան համապատասխան աշխատատեղեր ապահովել, շատերը պարզապես ինքնըստինքյան կշարժվեն երկիրը լքելու իրենց ցանկությունից ելնելով՝ հանուն ավելի լավ աշխատանքի և ավելի լավ կենսամակարդակի:

Մեկնաբանել