Աշխարհի ամենաայցելվող թանգարանն ունի նոր տնօրեն

Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը՝ Լուվրը, այսուհետ կղեկավարի 49-ամյա Ժան Լյուկ Մարտինեսը, հաղորդում է թանգարանի մամուլի ծառայությունը:

Ներկայում Մարտինեսը գլխավորում է Լուվրի հունական, էտրուսկյան և հռոմեական հնությունների բաժինը: Լուվրի տնօրենի պաշտոնում նա կփոխարինի Անրի Լուարետին, որի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 14-ին:

Դեկտեմբերի կեսին Լուարետը հայտարարել էր, որ մտադիր չէ երկարաձգել իր մանդատը: Այս տարի 60-ը բոլորած Լուարետը ղեկավարել է Լուվրը 12 տարի՝ 2001թ. ապրիլի 14-ից:

Ֆրանսիական օրենքի համաձայն՝ երկրի գլխավոր թանգարանի տնօրենը նշանակվում է պետության կողմից չորս տարի ժամկետով: Ըստ թանգարանին մոտ կանգնած աղբյուրի՝ Լուվրից հեռանալու որոշումը Լուարետն ինքնուրույն է ընդունել. նա որոշել է իր ուժերը փորձել որևէ այլ աշխատանքում՝ կրկին պետական:

Լուարետի ղեկավարության տարիներին աշխարհի ամենահին և մեծ թանգարաններից մեկի այցելուների թիվը գրեթե կրկնապատկվել է: Եթե 2001թ. Լուվր էր այցելում 5,1 մլն մարդ, ապա 2006թ. այդ ցուցանիշը գերազանցեց 8 մլն-ը: