ԿԺԴՀ-ն հնարավոր է՝ արևելյան ափ է տեղափոխել բալիստիկ հրթիռ

Հարավկորեական և ճապոնական հետախուզությունները տեղեկացրել են, որ Հյուսիսային Կորեան երկրի արևելյան ափ է տեղափոխում «Մուսուդան» տեսակի բալիստիկ հրթիռ․ հենց այս հրթիռը տեսականորեն կարող է հասնել ոչ միայն Ճապոնիային, այլև Գուամ կղզուն։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է Գուամի ռազմաբազա ուղարկել հակահրթիռային պաշտպանության հավելյալ համակարգեր՝ պայմանավորված Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) կողմից սպառնալիքի աճով, հաղորդում է Euronews-ը։

Նախօրեին հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել էր, որ Փհենյանը դիտարկել և հավանություն է տվել «ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու» ծրագրին։ Սակայն առայժմ փորձագետները չեն կարող ասել՝ որքան լուրջ կարելի է սա ընդունել։

Սպիտակ տանը իրադրությունը վտանգավոր են համարում։

«Նրանց հռետորաբանությունը վտանգավոր կերպով սրում է իրադրությունը, և նրանց գործողությունները վերջին շաբաթների ընթացքում իրական վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում լարվածությունը սրվեց Փհենյանի՝ այս տարվա փետրվարին իրականացրած հերթական միջուկային փորձարկումից և ԱՄՆ-ի ու հարավկորեացիների համատեղ զորավարժությունների շրջանակում հյուսիսկորեական սահմանի մերձակայքում ամերիկյան ռմբակոծիչների ցուցադրական թռիչքներից հետո։