Կոլիզեյի լույսերն ի նշան բողոքի անջատվել են

Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի կարգադրությամբ՝ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն անջատվել է Կոլիզեյի լուսավորությունը: Դրա փոխարեն հնագույն ամֆիթատրոնի պատերին պրոեկտորի օգնությամբ պատկերվել են Հնդկաստանում երկու ձկնորսի սպանության մեջ մեղադրվող իտալացի ծովային հետևակայինները:

Մասիմիլիանո Լատորեն և Սալվատորե Ջիրոնեն, ըստ հնդկական հետաքննության, 2012թ. փետրվարի 15-ին Հնդկաստանի Կերալա նահանգի ափամերձ շրջանում կրակ են բացել ձկնորսական նավի վրա՝ կարծելով, թե այն պատկանում է ծովահենների: Լատորեն ու Ջիրոնեն բանտում անցկացրել են ինն ամիս, փետրվարի 24-25-ը բաց են թողնվել` հայրենիքում ընտրություններին մասնակցելու համար, ապա կրկին վերադարձել Հնդկաստան:

Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին, որը հանդես էր գալիս ծովայիններին հայրենիքին հանձնելու դեմ, մարտին հրաժարական է տվել: