ԲՀԿ-ն բարձր է գնահատում իր շանսերը. Տ. Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններում իր հաղթելու շանսերը բարձր է գնահատում: Այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ մյուս մասնակիցներին էլ բարձր վարկանիշ ունեցող և հարգանքի արժանի ուժեր են:

Ուրիխանյանի խոսքով` իրենք Երևանը դարձնելու են ավելի բարեհամբյուր, հարմարավետ և հյուրընկալ:

Անդրադառնալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի երիտասարդների միջև «մարտերին»՝ խոսնակը նշեց, որ չգիտի, թե ինչքան կշարունակվեն ՀՀԿ ներկայացուցիչների գործողությունները, սակայն իրենք խոսում են միայն թվերի և իրավական ձևակերպումների տեսքով և չեն ցանկանում իջնել ՀՀԿ-ականների մակարդակին:

Անդրադառնալով քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության հնարավորությանը` Ուրիխանյանը նշեց, որ համագործակցությունը կարող է իրականանալ, եթե այդ ուժերի միջև չկա բարոյական և գաղափարական որևէ հակասություն:

«Եթե կարող ենք համագործակցել և ապահովել արդար ընտրություններ, ապա ինչո՞ւ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, որ նման համագործակցություն կարող է լինել ՀՀԿ-ի հետ, քանի որ ԲՀԿ-ի փոփոխություններին ուղղված հերթական առաջարկը դժվար ընդունվի ՀՀԿ-ի կողմից:

Հարցին, թե արդյոք 2013թ. նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելը չի նվազեցնի ավագանու ընտրություններում նրա շանսերը` խոսնակը նշեց, որ ԲՀԿ-ն երբեք չի մասնակցել նախագահական որևէ ընտրության, սակայն դա ոչ մի դեպքում չի խանգարել հասնել այն վստահությանը և քվեին, որ եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Անդադառնալով ապրիլի 9-ին նախատեսված գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ-ի մասնակցության հարցին՝ Ուրիխանյանը նշեց, որ այդ հարցը դեռ քաղաքական խորհրդում չի քննարկվել:

Հարցին, թե ինչպես է նա տեսնում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի ելքը՝ Ուրիխանյանն ասաց, որ այդ ելքը տեսնում է ժողովրդի խնդիրների բավարարելու մեջ, իսկ եթե դա չլինի, ապա բողոքը չի մարի:

Մեկնաբանել