Ավագանու ընտրություններում ֆավորիտը ՀՀԿ-ն է. Հ. Սահակյան

Մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններում հիմնական ֆավորիտը ՀՀԿ-ն է, ինչը կարելի է հասկանալ վերջինիս ցանկից: Այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Մեր կուսակցության ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, որը Երևանի քաղաքապետի պաշտոնում պարտաճանաչ կերպով կատարել է իր աշխատանքը և վայելում է երևանցիների մեծամասնության հարգանքը»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ իրենք հարգում են նաև բոլոր մրցակիցներին:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի միջև ֆեյսբուքյան «մարտերին»` Սահակյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդներն իրենց ճանապարհն անցել են հենց ՀՀԿ-ի ներսում` ի տարբերություն շատերի, որոնց «լեգեոներական, վասալի-վասալ աշխատելու ոճը քաղաքական դաշտը դարձրել է հեղհեղուկ, ջրիկ»:

«Քաղաքականության մեջ ինչքան շատ ճամբար փոխեն, ինչքան շատ կուսակցություններ մտնեն-դուրս գան, այնքան դա քաղաքական կատեգորիա է և արժանիք է իրենց համար, մինչդեռ կարճ ժամանակ առաջ դա ընդամենը մեր ժողովրդի կողմից պարսավանքի տեղիք էր տալիս կամ ավելի մերժողական հայացքներով էին նայում»,- հավելեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նրա կարծիքով` հետընտրական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը խաղաղ ճանապարհով փոխզիջումների գնալն է: