Օբաման 5%-ով կրճատում է իր աշխատավարձը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է բյուջետային միջոցների խնայողության նպատակով կրճատել սեփական աշխատավարձը, հաղորդում է Associated Press-ը։

Նախագահը պարտավորվել է ֆինանսների նախարարությանը վերադարձնել ամսական աշխատավարձի մոտ 5%-ը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի նախագահի աշխատավարձը տարեկան $400 հազ. է։ Սա նշանակում է, որ Օբաման ամեն ամիս պետական գանձարան կամավոր կփոխանցի մոտ $1,7 հազ.։

Սպիտակ տունն ու հանրապետական կոնգրեսականները այդպես էլ չկարողացան մինչև մարտի 1-ը համաձայնության գալ ֆինանսական ընթացիկ տարվա բյուջեի շուրջ, ինչի արդյունքում երկրում սեկվեստոր հայտարարվեց՝ պետական ծախսերի հարկադիր կրճատում $85 մլրդ-ով։ Փորձագետների կարծիքով՝ Միացյալ Նահանգները ստիպված կլինի միջոցների զանգվածային խնայողության պայմաններում ապրել առնվազն մինչև 2013 ֆինանսական տարվա վերջ, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին։

Նախագահական փողեր
Օբամաների ընտանիքի ընդհանուր կարողությունը $2,6 մլն-ից մինչև $8,3 մլն է։ Եկամուտների զգալի մասը ԱՄՆ-ի նախագահը ստացել է նախքան Սպիտակ տան ղեկավար դառնալը հեղինակած երեք գրքերի վաճառքից՝ $250 հազ-ից մինչև $2,1 մլն։ Չիկագոյում Ամերիկայի «առաջին զույգին» պատկանող տան արժեքը գնահատվում է $500 հազ-ից մինչև $1 մլն։

Օբաման գումարների զգալի մասը ներդրել է ամերիկյան պետպարտատոմսերում՝ $1-5 մլն ծավալով։ Բացի այդ՝ «առաջին զույգն» ընթացիկ և խնայողական հաշիվներ ունի J.P. Morgan Chase բանկում՝ $500 հազ-ից մինչև $1 մլն-ի։

Համաձայն 2012թ. ապրիլին հրապարակված հարկային հայտարարագրի՝ Բարաք և Միշել Օբամաները 2011թ. վաստակել են $789,7 հազ.։ Եկամուտների մոտ կեսն ապահովել է նախագահի աշխատավարձը։ Մյուս կեսը կազմել են Բարաք Օբամայի գրքերի վաճառքներից ստացված հոնորարները։ Օբամաները վճարել են $162,7 հազ-ի եկամտահարկ։ ԱՄՆ-ի նախագահի համար դաշնային եկամտահարկի տոկոսադրույքը 20,5% է կազմել։