Մեղադրի՛ր մամուլին ու շնորհակալ եղի՛ր, որ քեզ չի մեղադրել

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Մարդը սխալվել է վերջինիս ընտրելով: Ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը կինոռեժիսորի համար այլևս նախագահ չէ:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Մարդը սխալվել է վերջինիս ընտրելով: Ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը կինոռեժիսորի համար այլևս նախագահ չէ: Իսկ ես գլուխ ջարդելով մտածում էի՝ ովքե՞ր են Սերժ Սարգսյանին ընտրողները, ի՞նչ դեմք ունեն նրանք: Մեկին, ուրեմն, գիտեմ: Մարդը 2008-ին հավատացել է Սերժ Սարգսյանին, ընտրել ու այսօր ասում է, որ այսօր իրեն խաբված է զգում, չի ստացել ոչինչ ակնկալածից:

Հավատը մուխաննաթ բան է, այն որևէ մեկի հանդեպ պատասխանատվության տեղ չի թողնում, բացի հավատացողից: Եվ նրան, ում հավատացել ես երկար տարիներ ու քեզ խաբել է, ոչնչում մեղավոր չէ: Քո փոքրությունը դու ցույց ես տվել քո հավատով: Ինքդ քեզ հարցրու՝ այդ ընթացքում հավատո՞ւմ էր քեզ Սերժ Սարգսյանը, երբ քվեարկում էիր նրա օգտին, գիտե՞ր նա քո տեղը, լսե՞լ էր քո մասին: Նա պատասխանատու է միայն նրանց համար, ում գիտի, ում անձամբ է ճանաչում: Այդքանով իրեն դուրս է դրել ՀՀ նախագահ լինելուց, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվի իր աթոռից: Իր աթոռի բարձրությունից նա վաղուց դեմքեր չի տեսնում, ոչ մեկի չքավորությունը նրան տեսանելի չէ, որովհետև միայն շքեղությունն է աչք ծակում, իսկ շքեղության մեջ ապրողներին նա գիտի, ինքը նրանց շքեղության երաշխավորն է ու չասեմ, թե ինչու: Սերժ Սարգսյանին ի՞նչ քո հիասթափությունը: Դու նրանից լսե՞լ ես, որ լավ է լինելու: Եթե՝ այո, դա քո պրոբլեմն է, ոչ թե նրա: Նրա պրոբլեմը կլիներ, եթե ՀՀ նախագահի աթոռը «ընդգրկեր» Հայաստանի բոլոր անկյուններն իրենց ամենամութ կողմերով:

2008-ի նախընտրական շրջանում Վայքում ասե՞լ է, որ 2012-ին ՀՀ քաղաքացին երկու անգամ ավելի լավ է ապրելու: Ասել է: Ինչպես հիմա դու ես ասում, որ ինքը քո նախագահը չէ: Դուք երկուսդ էլ նույն բանն եք ասում, որովհետև երկուսիդ ասածն էլ բառեր են: Ինքը մնալու է նախագահ, նրան ոչինչ չի սպառնում: Իսկ դու էլ լավագույն դեպքում հեռանալու ես այս երկրից: Քեզ դիր նրա տեղը: Տես հե՞շտ է սեփական փառասիրության բարձունքներից որևէ մեկի խնդիրների հետ գործ ունենալը: Չէ՞ որ ուրիշի խնդիրն էժանացնում է քեզ, եթե ուզածդ միայն սեփական փառասիրության բարձունքներում սավառնելն է: Նա երբեք չի տեղեկանալու որևէ մեկի խնդրին, որովհետև իր բարձրությունից չի ընկալելու խնդիրը: Փոխարենը մամուլին կմեղադրի գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ ու չի սխալվելու: Որովհետև մամուլը չգիտի իրեն Սերժ Սարգսյանի տեղը դնել:

Ո՞վ է ասել, որ ընտրություններ կեղծելով մարդը պարտավոր է լուծել ինչ-որ ընտրողի խնդիրներ: Անձամբ ես կարծում եմ, որ ոչ միայն պարտավոր չէ, այլև «թարազուից» կընկնի, եթե հանկարծ փորձի մարդ լինել: Մարդ լինել, նշանակում է իր մոտ կանչել օլիգարխիային և տեղեկանալ, թե ի՞նչ են նրանք անում այս ժողովրդի հետ: Բայց ինչու՞ կանչի, եթե իր աչքին հաճելի է հենց օլիգարխիայի ապահովվածությունը: Կանչի ի՞նչ անի, եթե ինքը միևնույն է կեղծելու է ընտրությունները հենց օլիգարխիայի ջանքերով: Իսկ Արշակ Զաքարյանի նմանների քվեն սոսկ դեսերտ է ի սկզբանէ կանխորոշված ընտրությունների սեղանին:

Սերժ Սարգսյանը չի կարող ցավ զգալ այն բանի համար, որ որևէ մեկի հույսերը չի արդարացրել, որովհետև երբ ասուլիս է տալիս հինգ տարին մեկ անգամ, սիրելի Արշակ Զաքարյան, ինքը քեզ կոնկրետ ասում է, թե ում մեղադրես քո հույսերի ու հավատի տապալման համար: Մեղադրի՛ր մամուլին: Դեռ շնորհակալ եղիր, որ քեզ չի մեղադրել:

Մեկնաբանել