Մադոննան կվաճառի Լեժեի կտավը և կօգնի աֆղանցի երեխաներին

Փոփ երգչուհի Մադոննան որոշել է վաճառել ֆրանսիացի մոդեռն նկարիչ Ֆեռնան Լեժեի կտավը և օգնել Աֆղանստանի, Պակիստանի և այլ երկրների աղջիկներին կրթություն ստանալու հարցում:

Reuteurs-ի հաղորդմամբ՝ Մադոննան ասել է, որ ցանկանում է գնահատման ենթակա իրը (երգչուհին մտադիր է կտավը վաճառել 5-7 մլն դոլարով) փոխանակել անգին որևէ բանի հետ, այսինքն՝ երեխաներին հնարավորություն ընձեռել կրթություն ստանալու:

Լեժեի «Երեք կին կարմիր սեղանի շուրջ» նկարը ամերիկյան երգչուհուն է պատկանել վերջին 20 տարվա ընթացքում: Մայիսի 7-ին Նյու Յորքում Sotheby’s-ի իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի աճուրդում կտավը նոր տեր կունենա:

Այս շաբաթ երեխաներին օգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Անջելինա Ջոլին՝ ստեղծելով ոսկերչական իրերի հավաքածու, որի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Education Partnership for Children of Conflict հիմնադրամ: