ՄԱԿ-ն ու Պետական տնտեսագիտական համալսարանն ընդլայնում են համագործակցությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ ՀՊՏՀ-ի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր` ապրիլի 4-ին ստորագրված Համագործակցության ծրագրի իրագործման արդյունքում, հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյունի բացումը առաջինն էր Համագործակցության ծրագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները և քննարկումները, ուսումնական պրակտիկաների հնարավորությունները համալսարանի ուսանողների համար ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:

ՄԱԿ-ի անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:

Լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան, համալսարանի ուսանողներին և անձնակազմին կներկայացնի ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում:

«Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը ՄԱԿ-ի ուշադրության առանցքում է, քանի որ երիտասարդները ցանկացած հասարակության շարժիչ ուժն են: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներից են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»,- ասել է ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ»,- ասել է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

2012թ. երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական և Ագրարային համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) համալսարաններից մեկը: