Հայաստանի դատարկ տուփը

Gallup կազմակերպությունը հրապարակել է 2010-2012 թթ. նախկին խորհրդային տասներկու հանրապետություններում անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց՝ մարդիկ ամենաշատը Հայաստանից են ցանկանում արտագաղթել՝ 40%: Ճիշտ է՝ հեռանալու ցանկության գլխավոր պատճառը տնտեսական պայմաններն են (52%), սակայն կան նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարդու իրավունքների վիճակը, հանցագործության մակարդակը, բնապահպանությունը, երեխաների ապագայի հարցը և այլն: Ուշագրավ է, օրինակ, որ Հայաստանից հեռանալ ցանկացողների 13%-ը հանուն երեխաների է ցանկանում դա անել:

Հայաստանի մասով այս հարցումը մի քանի իրողություն է ընդգծում:

Առաջին, բարձրաձայնվող տնտեսական ցուցանիշների և իրականության միջև խոր անջրպետը: Հարցումը կարծես հաստատում է հասարակության անվստահությունը երկրի վիճակի մասին իշխանության կողմից ներկայացվող պատկերի նկատմամբ: Արտագաղթի նման մեծ ցանկություն չի կարող լինել մի քանի տարի շարունակ տնտեսական աճի մասին խոսող երկրում:

Երկրորդ, Հայաստանում հասարակության զգալի հատվածը ցանկանում է արտագաղթել ոչ թե կենսամակարդակի բարելավման համար, այլ այն պատճառով, որ սեփական երկրում ապագա չի տեսնում: Սա արդեն միայն տնտեսական խնդիր չէ, որը աճի ցուցանիշների միջոցով կարելի է շտկել: Հիասթափության պատճառով երկրից գնացողը՝ որպես կանոն, գնում է ատելությամբ և կամուրջներն այրելով:

Երրորդ, հարցումը կարծես ապացուցում է Հայաստանի իշխանությունների՝ երկրում առկա խնդիրներին վարդագույն ակնոցով նայելու և դրանք արհամարհելու իրողությունը:

Հարցումն անցկացվել է 2010-2012թթ., երբ երկրում փոփոխությունների նկատմամբ մեծ հույս կար՝ պայմանավորված համապետական ընտրություններով: Վստահաբար կարելի է ասել, որ 2013թ. Հայաստանում նման հարցում անցկացնելու պարագայում արդյունքները շատ ավելի տխուր են լինելու:

Գիտակցո՞ւմ են արդյոք Հայաստանի ղեկավարները, որ 40%-ը արդեն արտագաղթածները և արտագաղթողները չեն, այլ ընդամենը այդ ցանկությունն ունեցողները: Գիտակցո՞ւմ են արդյոք, որ այս տրենդը շարունակվելու դեպքում հայությունից ընդհանրապես կարող է մնալ միայն Սփյուռքը իսկ Հայաստանից՝ նրա դատարկ տուփը:

Ցավալիորեն կարելի է հավաստել, որ չեն գիտակցում: Չեն գիտակցում, որովհետև կարծում են երկրում մնացողը հեղափոխություն կանի, չեն գիտակցում, որովհետև սահմանամերձ գյուղում աշխատատեղ չունենալու համար այդ գյուղի բնակչին են մեղադրում և ոչ երբեք իրենց:

Մեկնաբանել