Եվրոպայում եվրոգոտու փլուզման, ինչպես նաև Իսպանիայի ու Իտալիայի՝ շուկաների նկատմամբ մատչումը կորցնելու ռիսկերը նվազել են Եվրոպական կենտրոնական բանկի՝ պարտատոմսերի հետգնման որոշման շնորհիվ: Եվրոգոտու հիմնարար խնդիրները՝ ցածր աճը, շարունակվող ռեցեսիան, մրցունակության կորուստը և մասնավոր ու պետական հսկայական պարտքը, շարունակում են մնալ չլուծված: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ,Նոբելյան մրցանկի դափնեկիր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական Նուրիել Ռուբինին Project syndicate կայքում հրապարակած իր «Հակիրճ՝ գլոբալ տնտեսության մասին» հոդվածում:
Նրա կարծիքով՝ եվրոգոտու կենտրոնական, արվարձանային երկրների և ԵԿԲ –ի միջև «գործարքը», որն ընդգրկում է մեծածավալ ֆինանսական աջակցության դիմաց խիստ խնայողության իրականացման ծրագիրը, ներկայում տապալվել է: Սա պայմանավորված է հանգամանքով, որ արվարձանային երկրները «հոգնել» են խնայելուց, իսկ կենտրոնական երկրները՝ ֆինանսավորելուց:
Խիստ խնայողության քաղաքականության սպառված լինելու վկայությունը Իտալիայի վերջին ընտրություններում ներկայիս համակարգը քննադատող կուսակացությունների արձանագրած հաջողությունն է, Իսպանիայի և Պորտուգալիայի ցույցերը, ինչպես նաև Կիպրոսին ֆինանսական աջակացություն հատկացման դեմ զանգավածային բողոքը:
Գերմանիայի՝ Կիպրոսի բանկերի ավանդատուների հարկման նախաձեռնությունն էլ կենտրոնի՝ «հովանավորի» իր կարգավիճակից հոգնած լինելու վառ վկայությունն է: Եվրոգոտու անդամ մյուս երկրները ևս ցանկանում են սահմանափակել իրենց հարկատուների ռիսկերը՝ հայտարարելով, որ վարկատուների հարկումը ապագա խնդիրների լուծման ամենարդյունավետ տարբերակն է:
Ինչ վերաբերում է Չինաստանին, Ռուբինին նշում է, որ այստեղ իշխանափոխությունը բավական դյուրին է ընթացել, սակայն երկրի տնտեսական մոդելը, ինչպես հայտարարել է նախկին վարչապետ Վեն Ցզյաբաոն, անակյուն, չհավասարակշռված, չհամակարգված և անկենսունակ է:
Տնտեսագետի կարծիքով՝Չինաստանը բազմաթիվ այլ խնդիրներն ևս ունի: Մասնավորապես՝ ռեգիոնալ դիսբալանսը երկրի ներսում, հատկապես՝ գյուղերի և քաղաքների միջև տարբերությունը, հիմնական կապիտալի չափից ավելի մեծ խնայողությունները, ինչպես նաև մասնավոր ոչ մեծ սպառումը, եկամուտների անհամաչափ բաշխվածության աճը, շրջակա միջավայրի աղտոտումը և այլն:
Ռուբինին նշում է, որ ինչպես Չինաստանում, այնպես էլ Ռուսաստանում շարունակում են ամրապնդվել պետական կապիտալի դիրքերը, որը խոչընդոտում է արագ աճի ապահովմանը: Նրա կարծիքով՝ BRIC-ի բոլոր չորս տնտեսություներն էլ «գերտաքացած» են: Ռուբինին զարգացող մնացած երկրների համար առաջիկա տասը տարում զգալի աճ է կանխատեսում, այդ թվում՝ Ղազախստանում, Ադրբեջանում, Լեհաստանում:
Նրա կարծիքով՝Ճապոնիան տնտեսական նոր փորձարկում կիրականացնի՝ դեֆլացիան դադարեցնելու, աճը ապահովելու և գործարաար ու սպառողական վստահությունը վերականգնելու համար:
Մերձավոր Արևելքը, Ռուբինիի կարծիքով, կշարունակի մնալ անկայուն: Ըստ նրա՝ երիտասարդ բնակչություն և աճի մեծ պոտենցիալ ու դինամիկ մասնավոր սեկտոր ունեցող Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն, սակայն դեռևս առկա են զգալի խնդիրներ: Մանավորապես՝ գրեթե դադարեցվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը: Եվրոգոտու ռեցեսիայի ազդեցությունը դեռևս մեծ է, ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն ևս շարունակում է զգալի մնալ, իսկ դրամավարկային քաղաքականությունը՝ անկայուն, քանի որ մրցունակության մեծացման և բարձր աճի ապահովման փորձերը առերեսվում են գնաճի վերահսկման և վարկավորման սահմանափակման անհրաժեշտությանը:
ԱՄՆ-ում, ըստ Ռուբինիի, առկա են տնտեսական դրական մի քանի միտումներ՝ անշարժ գույքի շուկայի վերականգնումը, թերթաքարային նավթի և գազի արդյունահանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, քանակական մեղմացման ագրեսիվ քաղաքականությունը:
Մյուս կողմից՝ Միացյալ Նահանգներում զգալի ռիսկերը պահպանվում են: Այսպես շարունակում է բարձր մնալ գործազրկության մակարդակը, աճն արգելակվում է բարձր հարկերի և բյուջետային ծախպերի կրճատման հետևանքով:
Հայտնի տնտեսագետը եզրահանգել է, որ զարգացած երկնրերի շրջանում ամենից լավ իրադրությունում ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Ճապոնիան: Եվրոգոտին «թաղված» է ռեցեսիայում, ինչն ավելի է խորացել դրամավարկային և բյուջետային կոշտ քաղաքականության պայմաններում: Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, 2014թ. Չինաստանը կարող է տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել, եթե կառուցվածքային բարեփոխումներ չիրականացնի: BRIC-ի մյուս երկրները պետք է հրաժարվեն պետական կապիտալիզմից: Չնայած BRIC-ի և Լատինական Ամերիկայի ու Ասիայի երկրների լավ ցուցանիշներին, նրանց հնարավությունները բավարա չեն լինի գլոբալ տնտեսության շարժիչը դառնալու համար, ամփոփում է Ռուբինին: