«Ստեղծիր քո պատմությունը». Գաֆէսճեան

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին, մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» կրթական նոր ծրագիրը` նախատեսված ընտանիքների և դպրոցականների համար, ասված է արվեստի կենտրոնի տարածած հաղորդագրությունում :

Ծրագիրն իրականացվում է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում: Նրանք կծանոթանան Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններին և նրա քանդակների ստեղծման հիմնական գաղափարներին:

Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցները հատուկ արկղի մեջ կտեղավորեն իրենց հետ կենտրոն բերած տարատեսակ առարկաները: Յուրաքանչյուրը կընտրի իր նախընտրած առարկան, որը հակոբյանական սկզբունքով կվերածվի մարդակերպ կամ կենդանակերպ ֆիգուրի:

«Այս ծրագիրը բացահայտում է` ինչպես հասարակ առարկաները կարող են վերածվել ֆիգուրների՝ զարգացնելով երեխաների երևակայությունը: Սա նաև հրաշալի առիթ է վայելելու ստեղծագործական մթնոլորտը»,- ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: