Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի մեքենան հարձակման է ենթարկվել

Անցած գիշեր` ժամը 1:30-5:45-ի միջակայքում, անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել թվային հիշողության երկու հասարակ սարքեր` ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Այս մասին հաղորդում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումը` հավելելով, որ պատճառվել է նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008թ. մարտի 21-ի գիշերը հրկիզվել էր Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը, փորձել էին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացել էին այրել միայն պատուհանը:

Ակումբը նշում է, որ բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված: