Մոմավառություն` Հրաչ Մուրադյանի հիշատակին

«Ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր` ապրիլի 4-ին` ժամը 19:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն:

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասված է. «Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանն ի շարս Ջավախքցի Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ին սպանվածների, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի և այլ արժանավոր հայորդիների` դարձավ համակարգի հերթական զոհը: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող և հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ:

Ս. թ. ապրիլի 4-ին` ժամը 19:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն` համակարգի արմատավորած հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը զոհ գնացած ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության դեմ մեր ցասումն արտահայտելու և նրա հիշատակը խնկարկելու համար: Հնարավորության դեպքում խնդրվում է գալ մոմերով:

Մոմավառության ընթացքում կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ:

Հաջորդ օրը` ապրիլի 5-ին, տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ` ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Երթի սկիզբը` ժամը 11:30-ին, Աշտարակի խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի խաչմերուկից»:

Մեկնաբանել