Ալիևի ընտանիքի օֆշորները և ոչ միայն՝ ըստ ICIJ-ի

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists, ICIJ) պատրաստել է աշխարհի տարբեր երկրներից օֆշորային հաշիվների սեփականատերերի ցանկը, որի մի հատվածը հրապարակել է բրիտական The Guardian պարբերականը։ Ցանկում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անուններ են։

Ցանկն իրենից 2,5 մլն փաստաթուղթ է ներկայացնում, որոնք տեղեկատվություն են պարունակում Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սինգապուրում, Հոնկոնգում ու Կուկա կղզիներում գրանցված 120 հազ. օֆշորային ընկերությունների մասին։ Տվյալների հիմնական մասը վերաբերում է Բրիտանական Վիրջինյան կղզիներին։ Oֆշորներում կարող է պահված լինել մինչև $32 տրլն։

Բրիտանացի ու ամերիկացի լրագրողները մատչում են ստացել էլեկտրոնային նամակագրությանը և այլ փաստաթղթերի, որոնցից կարելի է տեղեկատվություն ստանալ դրամական փոխանցումների, առանձին ընկերությունների ու անձանց միջև կապերի, գործարքների մասին։

Համաձայն ICIJ-ի տվյալների՝ օֆշորների շահառուներ են բժիշկներ ԱՄՆ-ից, Հունաստանից միջին դասի ներկայացուցիչներ, բռնապետերի բարեկամներ, խարդախներ Ուոլ սթրիթից, միլիարդատերեր Արևելյան Եվրոպայից և Ինդոնեզիայից, ռուս մենեջերներ, զենքի միջազգային առևտրականներ, ինչպես նաև ընկերություն, որին կասկածում են Իրանի միջուկային ծրագրի քողարկման միջոց լինելու մեջ։

Բոլոր տվյալները վերլուծելու համար ICIJ-ն աշխատել է Guardian-ի, BBC-ի, Le Monde-ի, Süddeutsche Zeitung-ի, Norddeutscher Rundfunk-ի, Washington Post-ի, Canadian Broadcasting Corporation (CBC)-ի և 31 այլ մեդիագործընկերների հետ։

Օֆշորային ընկերությունների սեփականատերերի մի մասի անունները հրապարակել է բրիտանական The Guardian-ը։ Ինչպես գրում է պարբերականը, «օֆշորային սեփականատերեր» են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի որոշ անդամներ։ Վստահեցվում է, օրինակ, որ ադրբեջանցի «շինարարական մագնատ» Հասան Գոզալը վերահսկում է ընկերություններ, որոնք գրանցված են Ադրբեջանի նախագահի դստրեր Արզուի և Լեյլայի անուններով։ Որպես մեկ այլ ընկերության սեփականատերեր նշվում են Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբանը։

Ազդեցիկ անձանց թվում, որոնց ֆինանսական ակտիվները գրանցված են օֆշորներում, պարբերականը նշում է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական արշավի գանձապետերից Ժան-Ժակ Օժիեին։ Նրան է պատկանում Կայմանյան կղզիներում գրանցված մի ընկերության 25% բաժնեմասը։ Նա ընկերությունը տնօրինում է չինացի գործընկերների հետ համատեղ։

Guardian-ի ցուցակում է նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը, Մոնղոլիայի ֆինանսների նախկին նախարար Բայարտսոգտ Սանգաջավը, որը ներկայում երկրի խորհրդարանի փոխխոսնակն է, ամերիկացի Դենիզ Ռիչը, որը սկանդալային նավթային թրեյդեր Մարկ Ռիչի նախկին կինն է, իսպանացի բարոնուհի Կառմեն Տիսեն Բոռնեմիսան, ինչպես նաև Ֆիլիպինների նախկին նախագահի դուստր, նահանգապետ Իմելդա Մարկոս Մանոտոկը։