ՀԱԿ-ն իր վրդովմունքն է հայտնում Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է հայտնում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ապրիլի 2-ին ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։

Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում` մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյեկտվեր նաև ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միևնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետևանք են ներկա կոռուպցիոն համակարգի և ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի։

Հայ ազգային կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում կատարված ահաբեկչության առթիվ, ցավակցում Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին»։