41 անօթևան բնակվում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի կացարանում, 42 երեխա՝ ՀՕՖ- ում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ՝ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Դեռևս 2011 թ. տարեվերջին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում մինչ օրս ժամանակավոր կացարան է տրամադրվել 152 անօթևանի: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ հարցեր:

Տարոն Մարգարյանը ծանոթացել է այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթևանի կենցաղային պայմաններին և իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ և շնորհակալություն հայտնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը, որը, ապաստան տրամադրելով, օգնում է քաղաքապետարանին մայրաքաղաքում անօթևանների խնդիրը կարգավորելու հարցում:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է թե հիմնադրամի և թե շահառուների կողքին, և ամեն ինչ անելու ենք, որ Երևանում անօթևաններ չունենանք» – ասել է Տարոն Մարգարյանը:

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ բացի սոցիալ-կենցաղային բաղադրիչից՝ ծրագրի շրջանակում իրականացվում է նաև անօթևանների համալիր բուժզննություն և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Հարկ է նշել նաև, որ ծրագրի շնորհիվ շուրջ երկու տասնյակ անօթևան տեղավորվել է աշխատանքի:

Այսօր Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»՝ մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարևորագույն ծրագրերից ևս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաներին աջակցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում է 3-18 տարեկան 42 երեխա:

Տարոն Մարգարյանը շրջել է կենտրոնի մասնաշենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին, շնորհակալություն հայտնել կենտրոնի ծավալած գործունեության համար:

Կենտրոնում երեխաների առօրյան առավել լիարժեք կազմակերպելու նպատակով քաղաքապետի անունից երեխաներին ժամանակակից խաղային ատրակցիոններ ու անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրվել: