Նոր բախումներ Սիրիայում՝ հայկական բնակավայրերի մոտ

Անցյալ ուրբաթ Սիրիայի ազատ բանակի մի քանի ջոկատ ներթափանցել է Հալեպի հարևանությամբ գտնվող Շեյխ Մաքսուդ բնակավայր, որը գերբնակեցված է քրդերով, և մոտ է Նոր Գյուղ ու Վիլլաներ բնակավայրերին, որտեղ մեծամասամբ ապրում են հայեր, քրիստոնյաներ և այլ փոքրամասնություններ:

Զինված հակամարտության առաջին իսկ օրերից այս տարածքը Քրդերի ազգային խորհրդի (ՔԱԽ) և Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄԿ) Հանրային Պաշտպանական միավորների (ՀՊՄ) հսկողության տակ էր:

Վերջին օրերին Սիրիայի ազատ բանակը և քրդերը համաձայնության էին եկել այս տարածքի նկատմամբ միասնական վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Հանգստյան օրերի ավարտին արդեն Շեյխ Մաքսուդի մեծ մասը ապստամբ ուժերի տիրապետության տակ էր անցել:

Կարճ ժամանակ անց կառավարական զորքերը սկսել են ծանր հրետանիով ռմբակոծել բնակավայրերը: Բնակիչների մեծ մասը ստիպված է եղել լքել իր տունը՝ անվտանգ վայր տեղափոխվելու համար: Ականատեսները հաստատել են, որ ազատ բանակի զինվորները հորդորել են մարդկանց հեռանալ այստեղից՝ ռազմական գործողություններում չվնասվելու կամ պատանդ չվերցվելու համար:

Լուր է տարածվել, որ ազատ բանակի զինվորները գլխատել են Ալ Հասան մզկիթի իմամին, ով դեմ է եղել ջիհադին և բռնությանը:

Եվս մեկ լուր է տարածվել սոցցանցերում, համաձայն որի՝ Շեյխ Մաքսուդում բռնաբարել են քրիստոնյա կանանց. սակայն այս լուրը հերքել են տեղի բնակիչները՝ հավելելով, որ հնարավոր է՝ կառավարական լրատվամիջոցներն այն տարածել են հարևան շրջաններում ապստամբների նկատմամբ վախ հարուցելու համար:

Այս պահին պայթյունները բավական մոտ են Շեյխ Թահա փողոցին և Վիլլաներ թաղամասին, որտեղ մեծ թվով հայեր են ապրում: Այստեղ՝ Շեյխ Թահա փողոցում է հայկական Աստուրյան բուժկենտրոնը, որի շրջակա տարածքը դատարկվել-ամայացել է՝ պարբերաբար տեղի ունեցող բախումների, պայթյունների արդյունքում: Այս տարածքում, որ դեռևս վերահսկվում է պետական ուժերի կողմից, բազմաթիվ տների թալանումներ են արձանագրվել: Եվ հիմա տեղի բնակիչները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ փախչել և փրկել իրենց կյանքը՝ թույլ տալով, որ իրենց տները թալանվեն կամ պաշտպանել իրենց ունեցվածքը՝ վտանգելով իրենց կյանքը:

Դիպուկահարների ներկայություն դեռևս չի նկատվել, սակայն մոտակա բախումներից պատահական կրակոցներ հասնում են ամենուրեք: Իսկ հայկական և քրիստոնեական գերեզմանոցները, որ Շեյխ Մաքսուդի բլրի լանջերին են, շուրջ հինգ օր է անհասանելի են:

Նոր Գյուղ ու Վիլլաներ բնակավայրերի հայերն այս օրերին ապրում են վախով, թե գնդակներն ու ռմբակոծումներն իրենց կգտնեն իրենց տան շեմքում, և իրենք զոհ կգնան այս կռվում, թեպետ ամեն կերպ ձգտել են պահել չեզոքություն: