ՀՀ ոստիկանությունում այսօր հյուրընկալվել էր ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: Հանդիպումը բացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հյուրերին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ նա նշել է, որ 2010 թվականի հանդիպումից հետո ՀՀ ոստիկանությունում ծավալուն արմատական բարեփոխումներ են իրականացվել:
Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունում փուլ առ փուլ ընթացող բարեփոխումների համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Վերջերս, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համակողմանիորեն քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, ներկայացվել են, մասնավորապես, իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորում և կյանքի կոչում, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրում, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններ, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և այլն:
Վարդան Եղիազարյանը անդրադարձ է կատարել նաև հյուրերին առավելապես հետաքրքրող հարցերին և կատարված աշխատանքների կոնկրետ օրինակներ վկայակոչել է, որոնք առավելապես վերաբերվում էին ձերբակալվածների պահման վայրերում առկա դրական տեղաշարժերին և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և մանրամասն տեղեկատվության համար, որից հետո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվել են պատվիրակության անդամների հարցերին:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: